Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը սնանկությունների ալիք չի կանխատեսում. բիզնեսներն ընդհանուր առմամբ պահպանում են ֆինանսական կայունությունը, վերակառուցումների ծավալը դեռ էականորեն չի աճում, խնդրահարույց վարկերի մասնաբաժինը ցածր է: Այս մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինան։
«Մենք սնանկացման ալիք չենք սպասում: Իհարկե, կան մեծ պարտքեր ունեցող ընկերություններ, որոնց համար պարտքի սպասարկման ծախսերի աճը կարևոր գործոն է, որը զգալիորեն նվազեցնում է նրանց շահույթը, բայց ընկերությունների մեծ մասի համար ֆինանսական վիճակը հիմնականում կախված է ծախսերի աճից», – ասել է Ռուսաստանի բանկի նախագահը:
Նրա խոսքով, այն կարող է վատթարանալ, եթե հումքի, նյութերի, աշխատավարձի, բարձր սակագների և տրանսպորտային լոգիստիկայի թանկացման հետ կապված հիմնական ծախսերը, այդ թվում՝ պատժամիջոցների պատճառով, շարունակեն աճել նույն տեմպերով։
Այդ ծախսերի աճը հենց հետևանք է գերտաքացած պահանջարկի, որի ցուցանիշը բարձր գնաճն է։
«Ուստի, մեր կարծիքով, տնտեսվարողների համար ոչ պակաս կարևոր է, քան քաղաքացիների համար, որ գնաճը հնարավորինս շուտ վերադառնա չափավոր մակարդակի: Ընդհանուր առմամբ, չնայած ընդհանուր ծախսերի և տոկոսային ծախսերի աճին, ձեռնարկությունները պահպանում են ֆինանսական կայունությունը»:
Դաշնության գլխավոր դրամատան նախագահի խոսքով՝ այսպես կոչված, վատ վարկերի տեսակարար կշիռը մնում է փոքր, կորպորատիվ վարկերի մեջ դրանց տեսակարար կշիռը 4%-ից ցածր է՝ 3.7%: Սա փոքր թիվ է, հետևաբար ԿԲ-ում սա համարում են վերահսկելի: