Բաժին. Ֆինանսական

ՈՍԿԻՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԳՐԱՎՈՒՄ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ

Հունիսի 20-ին ոսկու գինը համաշխարհային շուկայում կազմել է 1319,76 ԱՄՆ դոլար/ունիցա՝ գրանցելով վերջին 2,5 տարվա մեջ նվազագույն արդյունքը: Այս մասին է հաղորդում միջազգային Bloomberg գործակալությունը: Միևնույն ժամանակ, անհապաղ առաքման ոսկու գինը գրանցել է 3,4% անկում: Առևտրային շրջանի ընթացքում արծացի գինը գրանցել է շուրջ 6,2% անկում և կազմել մոտ 20,08 ԱՄՆ դոլար/ունցիա:

Ոսկու գնի անկումը վերլուծաբանները կապում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանկեի ավելի վաղ արված հայտարարության հետ: Բ.Բերնանկեն նշել է, որ ԱՄՆ տնտեսական աճի նման տեմպերի պահպանման դեպքում ԴՊՀ-ն կկրճատի ակտիվների գնման ծավալները և քանակական մեղմացումների ծրագիրը կամփոփվի արդեն 2014 թվականի կեսերին:

Փորձագետները նշում են, որ այժմ ներդրողները մեծ շահույթ ստանալու նպատակով նախընտրում են ներդրումներ կատարել առավել ռիսկային ակտիվներում, որի արդյունքում նվազում է ոսկու նկատմամբ պահանջարկը: Այս մասին է նշվում Wall Street Journal-ի հրապարակման մեջ:

Նշենք, որ վերջին 12 տարվա ընթացքում ոսկու գինը գրանցել է շարունակական աճ՝ 2011 թվականին  հասնելով 2000 ԱՄՆ դոլար/ունցիա ռեկորդային մակարդակի:

Ոսկին այլևս այն չէ. ներդրողներն, ովքեր ցանկանում են պահպանել իրենց միջոցները, չեն վստահում ոսկուն: Ավելի վաղ նման կարծիք էր  հայտնել ամերիկացի ֆինանսիստ և հայտնի ներդրող Ջորջ Սորոսը: Նա նշել էր, որ շատ ներդրողներ հիասփաթվել են, և ներդրումների տեսանկյունից ոսկին այլևս չեն համարում գրավիչ:

Ընթացիկ տարվա մարտ ամսվա արդյունքներով Ջ.Սորոսի Soros Fund Management ներդրումային հիմնադրամը 12%-ով կրճատել էր ոսկում կատարվող ներդրումները:

Ոսկու գրավչության անկմանը մեծապես նպաստել է ԱՄՆ արժույթի թուլացման նկատմամբ ոսկու գնի զգայունության բացակայությունը: Նշվում է, որ մայիս ամսվա արդյունքներով, երբ ԱՄՆ դոլարը գրանցել է 4,5% անկում, ոսկու գինը նվազել է 2%-ով: Վերլուծաբանները նշում են, որ սովորաբար ոսկին դրական է արձագանքել դոլարի ինդեքսի անկմանը: Այսպես, երբ նախորդ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով ԱՄՆ դոլարը գրանցեց 7% անկում, միևնույն ժամանակ, ոսկին թանկացավ 12%-ով՝ կազմելով 1790 ԱՄՆ դոլար:

Տարեսկզբից ոսկու գինը նվազել է 22%-ով: Միևնույն ժամանակ, ETF ֆոնդերից  ներդրումների արտահոսքը գերազանցել է 500 տոննան, որը համարժեք է ոսկու արդյունահանման համաշխարհային ծավալների 20%-ին:

Այնուամենայնիվ, մի շարք փորձագետները գտնում են, որ մոտ ապագայում ոսկու գինը կարող է աճել:

Share