Բաժին. Ֆինանսական

ՀԱՇՏԱՐԱՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒ ԲԱՆԿԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՎԻՃԱՀԱՐՈՒՅՑ ՀԱՐՑԵՐԸ

Հայաստանի Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի մասնագետների և հայաստանյան բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է կլոր սեղան, որի շրջանակներում քննարկվել են բոլոր վիճահարույց հարցերը, հաստատվել են համագործակցության նոր եզրեր և ձևավորել են փոխվստահության վրա հիմնված գործընկերային հարաբերություններ:

Հաշտարարի գրասենյակից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում ներկայացվել են Հաշտարարի կողմից  բանկերի դեմ քննած տիպային գործերի օրինակներ և յուրաքանչյուրի համար ձևավորված Հաշտարարի դիրքորոշումը, ամփոփված գործարար շրջանառության սովորույթները, տեղեկատվություն 2009թ.-ից մինչ օրս Գրասենյակ ներկայացված բողոքների և քննության ընդունած պահանջների վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ է կատարվել  Գրասենյակի քառամյա  գործունեության շրջանակներում իրականացված և 2013թ.-ի իրականացվելիք  ծրագրերին:

Պահանջների քննության ընթացքում բացահայտված խնդիրների և վիճահարույց հարցերի քննարկման շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրն արտահայտել է իր մասնագիտական դիրքորոշումն ու ներկայացրել համապատասխան բանկում գործող պրակտիկան:

Կլոր սեղանին մասնակցել են բանկերի այն մասնագետները, ովքեր պատասխանատու են Հաշտարարի հետ հարաբերությունների համար: Հրավիրված բանկերից սույն հանդիպմանը մասնակցել է 26 մասնակից՝ ներկայացնելով թվով 18 բանկ:

Ելնելով սույն հանդիպման արդյունավետությունից՝ նախատեսվում է շարունակական դարձնել նմանատիպ հանդիպումները:

Share