Բաժին. Ֆինանսական

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հունիս ամսվա ընթացքում ընտրանքային կարգով ուսումնասիրել է հրապարակված գնումների 226 հայտարարությունից 33-ը կամ շուրջ 14 տոկոսը:

Կատարված ուսումնասիրությունների ընթացքում 33 հայտարարություններից 12-ում հայտնաբերվել են գնումների օրենսդրության հետ անհամապատասխանություններ: Այդ մասին Կենտրոնը տեղեկացրել է պատվիրատուներին և առաջարկել միջոցներ ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ: Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ արդյունքում արձանագրված բոլոր թերությունները վերացվել են։

Գնումների հրավեր-հայտարարությունների փորձաքննության ընթացքում ի հայտ եկած անհամապատասխանությունները հիմնականում վերաբերել են մասնակիցներին առաջարկվող պահանջներին, որակավորմանն առնչվող թերությունների շտկման հնարավորություններին, գնման առարկայի տեխնիկական բնութագրերին, հաղթող մասնակցի ընտրության կարգին և այլ խնդիրների:

Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կատարվող գնումների ընթացքում մրցակցության ապահովման և մասնակիցների նկատմամբ խտրականության բացառման նպատակով «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամեն ամիս ընտրանքային կարգով իրականացնում է գնումների հայտարարությունների փորձաքննություն։ Կենտոնում վստահ են, որ սա հնարավորություն է տալիս ի սկզբանե կանխարգելել հավանական չարաշահումներն ու թերությունները և պայմաններ ստեղծել դրանց վերացման համար։

Share