Բաժին. Ֆինանսական

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՆԱՃԱՅԻՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ

Կենտրոնական բանկը հրապարակել է ֆինանսական հատվածի կազմակերպությունների և տնային տնտեսությունների շրջանում մակրոտնտեսական մի շարք ցուցանիշների սպասումների վերաբերյալ իրականացված վերջին հարցումների արդյունքները: 

Ըստ ներկայացված տվյալների՝ ֆինանսական համակարգում գնաճային սպասումներն ավելացել են՝ պայմանավորված էներգակիրների սակագների բարձրացման ակնկալվող ազդեցություններով: Ըստ հարցման արդյունքների՝ բանկերի գնաճային սպասումները մեկ տարվա հորիզոնում արտահայտվել են 12-ամսյա գնաճի՝ միջին հաշվով 5.5% մակարդակի շուրջ տատանմամբ, այն դեպքում, երբ նախորդ հարցման արդյունքում այդ ցուցանիշը տատանվում էր ԿԲ կողմից նախանշված 4% նպատակային ցուցանիշի շուրջ:  

Վարկային կազմակերպությունների գնաճային սպասումները ևս ավելացել են. նախորդ հարցման տվյալներով նախանշվել էր 12-ամսյա գնաճի մոտ 4% միջին մակարդակ, իսկ այս հարցման  արդյունքներով՝ 4.8%:  

Տնային տնտեսությունների գնաճային սպասումները, ըստ երկրորդ եռամսյակի հարցման արդյունքների, փոխվել են աճի ուղղությամբ՝ հիմնականում պայմանավորված նույն գործոնով. գնաճի սպասվող միջին մակարդակը այս եռամսյակի հարցման արդյունքներով կազմել է շուրջ 4.7%՝ նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի 4.3% մակարդակի պարագայում:

Ըստ հարցման արդյունքների՝ շուկայական տոկոսադրույքների վերաբերյալ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների սպասումները (մեկ տարվա կտրվածքով) համեմատաբար կայուն մակարդակի պահպանման ուղղությամբ են, ընդ որում՝ առաջիկա եռամսյակում սպասումները փոքր-ինչ աճի ուղղությամբ են, իսկ հաջորդ երեքում պահպանվում են կայուն վարքագծի շուրջ:

Share