Ֆինանսական

Եվրոպան կհատկացնի 618 մլն եվրո՝ Աֆրիկայում վերականգնվող էներգետիկայի զարգացման համար

ԵՀ-ն հայտարարել է, որ Եվրոպան կտրամադրի 618 միլիոն եվրո՝ Աֆրիկայում վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման նախագծերի ֆինանսավորման համար։

Գումարները կուղղվեն ութ աֆրիկյան երկրի ծրագրերին։ Մասնավորապես, Քենիայում (55 մլն եվրո) նախատեսվում է ստեղծել «կանաչ» էներգետիկ համակարգ՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը մեծացնելու և էլեկտրացանցերն ամրապնդելու նպատակով։

Ուգանդայում (60 մլն եվրո) կիրականացվի ծրագիր՝ գյուղական շրջանների էլեկտրիֆիկացման համար, որը կներառի ավելի քան 250 հազար բնակիչ։

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (90.14 մլն եվրո) միջոցները կուղղվեն Կիսանգանի քաղաքի և հարակից տարածքների էլեկտրիֆիկացմանը։

Մավրիտանիայում (125 մլն եվրո) կստեղծվի տարածաշրջանային էներգետիկ տրանսպորտային միջանցք՝ արագ աճող բնակչության կարիքները բավարարելու համար։

Բացի այդ, Նիգերիայում (20 մլն եվրո) նախատեսվում է տրամադրել տեխնիկական աջակցություն վերականգնվող լուծումների մասշտաբային կիրառման համար՝ հատկապես ֆերմերների և փոքր բիզնեսների շրջանում։

Կաբո Վերդեում (39 մլն եվրո) նախատեսվում է ընդլայնել քամու էներգիայի արտադրությունն ու էներգիայի պահպանման համակարգերը՝ Cabeolica նախագծի շրջանակում։

Եվս 30 մլն եվրո կտրամադրվի Զամբիայի և Տանզանիայի միջև էներգետիկ համակարգի ամրապնդման համար։

Ամենամեծ ֆինանսավորումը՝ 199 մլն եվրո, կստանա Տոգոն, որտեղ կիրականացվի վերականգնվող էներգետիկայի և էներգիայի կուտակման խոշոր նախագիծ Կպալիմե քաղաքում։

Share