Բաժին. Ֆինանսական

Հայաստանում կայացել է Կենտրոնական բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ նիստը

Սեպտեմբերի 12-ից 14-ը Հայաստանում տեղի է ունեցել Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը, որն անցկացվել է ՀՀ դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում:

ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ կառավարիչների ակումբի 22 անդամ-երկրներից հանդիպմանը ներկա է եղել 18 երկրի պատվիրակություն, այդ թվում՝ 12 կառավարիչ:

Կառավարիչների ակումբի հայաստանյան հանդիպմանը հրավիրվել են նաև ֆինանսական աշխարհում հայտնի փորձագետներ:

Հանդիպմանը որպես գլխավոր զեկուցող հանդես է եկել Միջազգային հաշվարկների բանկի Ֆինանսական կայունության ինստիտուտի նախագահ, Չեխիայի Հանրապետության նախկին վարչապետ Ջոզեֆ Տոսովսկին:

Զեկուցողների թվում եղել են նաև ԱՄՆ «Գլոբալ Սուվերեն Ըդվայզրս» ընկերության ավագ գործընկեր, միջազգային ֆինանսական աշխարհում համբավ վայելող վերլուծաբան Բորիս Բորոզանը, Սերբիայի ազգային բանկի նախկին կառավարիչ և «Էրստե Բանկ»-ի ներկայիս գործադիր տնօրեն և նախագահ Ռադովան Ժելաշիչը, ինչպես նաև Խորվաթիայի ազգային բանկի կառավարչի տեղակալ Մայքլ Ֆոլենդը:

Հանդիպումն անցկացվել է «Անցած ճգնաժամից սերտած դասեր. մարտահրավերները հաղթահարելու նոր մոտեցումներ և գործիքներ» խորագրի ներքո:

Զեկուցողների ելույթները հիմնականում վերաբերել են ֆինանսական աշխարհում արդիական խնդիրներին: Ջոզեֆ Տոսովսկին ներկայացրել է «Նորմատիվային նոր գլոբալ բանկային համակարգ» զեկույցը, իսկ Ռադովան Ժելաշիչը՝ արտարժույթով վարկավորելու հունգարական փորձը: Անդրադարձ է կատարվել նաև «Համաշխարհային տնտեսության և հիմնական ֆինանսական շուկաների հեռանկարներ» թեմային, որը ներկայացրել է Բորիս Բորոզանը:  

Կառավարիչների ակումբի հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական նորաբաց կենտրոնում:

Նշենք, որ ակումբի ստեղծման հիմնական նպատակներից է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև նշված երկրների կենտրոնական/ազգային բանկերի միջև գործակցության ընդլայնումը և խորացումը:

Share