Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հոկտեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև պատասխանել ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։
Պետական եկամուտների կոմիտեն՝ հարկ վճարողների հետ համագործակցությամբ, 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ապահովվել է 2 տրլն 13 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով ինն ամիսների համար նախատեսված ցուցանիշից ավելի է 13.4 մլրդ դրամով, իսկ վերանայված ցուցանիշից` 7.4 մլրդ դրամով: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 246 մլրդ դրամով կամ 14%-ով: ՊԵԿ նախագահի խոսքով՝ հաշվետու ժամանակաշրջանում արձանագրվել է տնտեսական ակտիվությունից առաջանցիկ հարկերի վճարում, ինչը ոչ միայն տնտեսական գործոնների, այլև վարչարարության արդյունավետության, ինչպես նաև բարեփոխումների արդյունք է, որի առանցքում մարդակենտրոնությունն է` հիմնված արդարության և հոգատարության վրա։
Պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականին շարունակել է կատարելագործել վերլուծական գործիքակազմը՝ նպատակ ունենալով բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը և խթանել հարկ վճարողների կարգապահությունը։ Միաժամանակ, հարկային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքների շրջանակում վերանայվել են կիրառվող չափորոշիչները և վերլուծական մոտեցումները։ Անդրադառնալով ստուգումների արդյունքներին՝ ՊԵԿ նախագահը նշել է, որ այս առումով 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ստուգման և ուսումնասիրության բոլոր գործիքներով արձանագրվել է կամ ստուգման ընթացքում ճշտվել է մոտ 104 մլրդ լրացուցիչ հարկային պարտավորություն։ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին վերլուծական գործիքակազմով հաշվարկներում հայտնաբերված անճշտությունների արդյունքում հարկ վճարողների կողմից լրացուցիչ հայտարարագրվել է շուրջ 57 մլրդ դրամ գումար, ինչը շուրջ 9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ 2025 թվականի ինն ամիսների ընթացքում հաշվարկային փաստաթղթերով ուղեկցված գործարքների իրացման շրջանառությունն աճել է 15 տոկոսով, իսկ հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման քանակի մասով՝ 17 տոկոսով։ Միաժամանակ, մանրածախ առևտրի և ծառայությունների շրջանակում անկանխիկ վճարումների քանակն աճել է 55 տոկոսով, իսկ գումարը՝ 32 տոկոսով: Չգրանցված աշխատողների հայտնաբերմանն ուղղված ստուգումներով արձանագրվել է շուրջ 2000 չգրանցված աշխատող, ինչն ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից 28 տոկոսով:
2025 թվականի ինն ամիսների ընթացքում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 25 տոկոսով։ Սակայն միջոցառումների նվազմանը զուգահեռ՝ զգալիորեն աճել է ստվերային տնտեսության դեմ պայքարի արդյունավետությունը։ Մասնավորապես, հայտնաբերվել է շուրջ 325 մլրդ դրամի ստվերային շրջանառություն, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 160 մլրդ դրամով կամ շուրջ 97 տոկոսով։ Հայտնաբերված թաքցված հարկի ընդհանուր գումարը կազմել է 108 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 52 տոկոսով։ ՊԵԿ նախագահը հավելել է, որ ստվերի դեմ պայքարում լայնորեն կիրառվել են նաև թվային հետախուզության գործիքներ։
2025 թվականի ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ շուրջ 5 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից միջին օրական կտրվածքով սպասարկվող բեռնատարների քանակական ցուցանիշը: Հաշվետու ժամանակաշրջանում շուրջ 8 տոկոսով բարելավվել է մաքսային մարմնի կողմից մինչև 60 րոպեի ընթացքում բացթողնվող ներմուծման հայտարարագրերի կշիռը՝ 12 տոկոսից հասնելով 20 տոկոսի։ 2025 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 2024 թ. 9 ամսվա համեմատությամբ՝ շուրջ 92 անգամ բարելավվել է մաքսային մարմնի կողմից ավտոմատ բացթողնմամբ (այսինքն, առանց ստուգման) ապրանքների հայտարարագրերի բացթողնման քանակը: Իսկ նախնական մաքսային հայտարարագրման համակարգից հաշվետու ժամանակահատվածում օգտվողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 47 տոկոսով։ Մաքսային ռիսկերի վերլուծության համակարգի բարելավման շրջանակում իրականացվել է մաքսային ռիսկերի չափանիշների համակողմանի ուսումնասիրություն և կատարվել են բազմաթիվ փոփոխություններ: Փոփոխությունները գործարկվել են 2025թ. հուլիսի 1-ից, ինչի արդյունքում, եթե մինչև 2025թ. հուլիսի 1-ը «Կանաչ» ռիսկի մակարդակով բացթողումների կշիռը կազմում էր ընդհանուր ներմուծման հայտարարագրերի 54 տոկոսով, ապա 2025 թ. հուլիսի 1-ից հետո այդ ցուցանիշը կազմում է 62%:
Շարունակվել են կատարելագործել մաքսային և հարկային թվային համակարգերը։ Մասնավորապես, իրականացվել են ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի լավարկում և անցում է կատարվել նախալրացմանը, տվյալների հասանելիության ընդլայնմանը և վերլուծական գործիքների կատարելագործմանը։ Բարելավվել է դրոշմավորման ենթակա ապրանքների հետագծելիության համակարգը։ Գործարկվել է նույնականացման միջոցներով թվային դրոշմավորման տեղեկատվական հավելվածը, որը թույլ է տալիս ապրանքների իրացման ժամանակ տեղեկատվությունը փոխանցել Պետական եկամուտների կոմիտե։ Գործարկվել է Թվային աշխատանքային պայմանագրեր համակարգը, որը հնարավորություն է տալիս գործատուներին ստեղծել և էլեկտրոնային եղանակով ստորագրել աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի ընդունման ու պայմանագրի լուծման հրամաններ և համաձայնագրեր։ Ավտոմատացվել է ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների տրամադրման գործընթացը։ Մաքսային ոլորտում թվայնացման բարեփոխումների շրջանակում, մաքսային մարմնում նախատեսվում է ներդնել Մաքսային միասնական հաշվի համակարգը։ Միաժամանակ, շարունակվում են «EXIM» տեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքները։
Հաշվետու ժամանակաշրջանում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը, ակտիվացել է միջազգային կառույցների և տարբեր երկրների միջև բազմակողմ և երկկողմ գործակցությունը, իրագործվել են նաև մի շարք միջազգային կարևոր նախաձեռնություններ։
2025 թվականին Հայաստանն առաջին անգամ հարկման նպատակով ոչ ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ փոխադարձության սկզբունքով տեղեկություններ է փոխանակել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) նախաձեռնած ավտոմատ փոխանակման համակարգին միացած ավելի քան 120 պետություններից 47-ի հետ։ Սեպտեմբերի 30-ին հաջողությամբ իրականացվել է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխադարձ փոխանակում գործընկեր պետությունների հետ։ Պետական եկամուտների կոմիտեն կնքել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ՝ երեք տարի ժամկետով։ Առաջիկայում նախատեսվում է կնքել նախնական գնագոյացման երկու նոր համաձայնագիր։ ԱՄՀ փորձագիտական խմբի կողմից այս տարի իրականացվել և հաջողությամբ ամփոփվել է Հարկային վարչարարության ախտորոշիչ գործիքի (Tax Administration Diagnostic Tool-TADAT) կիրառությամբ հարկային վարչարարության արդյունավետության գնահատումը։ Հայաստանի Հանրապետությունը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը ստորագրել են «Երևանի մաքսային և լոգիստիկ կենտրոն ծրագիր» վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր՝ ընդհանուր 45 մլն եվրո ֆինանսաավորման շրջանակում, որոնք կուղղվեն Երևան մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցմանը: Միջազգային համագործակցության ոլորտում կարևոր ձեռքբերումներ են արձանագրվել հարևան պետությունների հետ։ Մասնավորապես, քննարկվում է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրումը, իսկ Վրաստանի հետ իրականացվում են աշխատանքներ համատեղ օգտագործման մաքսային անցակետի ներդրման ուղղությամբ։
ՊԵԿ նախագահն ասուլիսի ընթացքում խոսել է նաև աշխատակիցների մասնագիտական կարողությունների և բարեվարքության բարձրացման, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արձանագրված արդյունքների մասին։ Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է համակարգում ծառայողական քննությունների դերի ուժեղացումը։ Մասնավորապես, իրականացվել է 71 ծառայողական քննություն, որից 59–ն ավարտվել է կարգապահական պատասխանատվության կիրառմամբ, ինչը 64 տոկոսով ավել է անցած տարվա ցուցանիշից, բացի այդ առերևույթ հանցագործությունների մասին ներկայացվել է 23 հաղորդում։ Ընթացիկ տարում շարունակվում է հարկային և մաքսային ծառայողների պատրաստման և վերապատրաստման գործընթացը։