Բաժին. Ֆինանսական

Ո՞րն է աշխարհի ամենաթանկ ֆինանսական բրենդը

Աշխարհի ամենաթանկ ֆինանսական բրենդը American Express-ն է, որը գնահատվում է 17,6 մլրդ ԱՄՆ դոլար: Interbrand գործակալության հրապարակած վարկանիշի համաձայն՝ մեկ տարվա ընթացքում American Express բրենդի արժեքն աճել է շուրջ 12%-ով:

Ամենաթանկ ֆինանսական բրենդների վարկանիշի երկրորդ տեղում HSBC-ն է՝ 12,1 մլրդ ԱՄՆ դոլար: Առաջատար եռյակը եզրափակում է J.P. Morgan-ը՝ 11,4 մլրդ ԱՄՆ դոլար: Մեկ տարվա ընթացքում HSBC բրենդը թանկացել է 7%-ով, իսկ J.P. Morgan-ի բրենդային արժեքը մնացել է անփոփոխ:

Ընդհանուր առմամբ, Interbrand գործակալության կողմից հրապարակված` աշխարհի ամենաթանկ 100 բրենդների վարկանիշում ընդգրկվել է 11 ֆինանսական բրենդ:

Առաջատար եռյակում ընդգրկված երեք բրենդներից բացի, մյուս ֆինանսական բրենդների արժեքը չի գերազանցում 10 մլրդ ԱՄՆ դոլարը: Այսպես, Goldman Sachs-ը գնահատվում է 8,5 մլրդ ԱՄՆ դոլար, Citi-ն՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար, AXA-ն՝ 7,0 մլրդ ԱՄՆ դոլար, Allianz-ը՝ 6,7 մլրդ ԱՄՆ դոլար, Morgan Stanley-ն՝ 5,7 մլրդ ԱՄՆ դոլար, Visa-ն՝ 5,4 մլրդ ԱՄՆ դոլար, Santander-ը՝ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար, MasterCard-ը՝ 4,2 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ American Express-ը աշխարհի ամենաթանկ ապրանքային նշանների 100-յակում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը:

Share