Բաժին. Ֆինանսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը նվազել է

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ժամանակահատվածում ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմել է մոտ 73%: Այն հունվար-հուլիս ժամանակահատվածում գրանցված ցուցանիշի համեմատ նվազել է շուրջ 1%-ով: Այս մասին հաղորդում է Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն:

Ըստ ներկայացված տվյալների՝ օգոստոս ամսվա վերջի դրությամբ մեր երկրում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 383 հազար 951 ավտոտրանսպորտային միջոց:

Օգոստոս ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 822 մլն դրամ, ինչը հուլիս ամսվա համեմատ ավելացել է մոտ 71 մլն դրամով:

Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ ևս աճել է` կազմելով 4,273 դիմում` նախորդ ամսվա 4,040-ի դիմաց: Աճել է նաև հատուցման միջին չափը. 2013թ. օգոստոս ամսվա կտրվածքով`192,341 ՀՀ դրամ:

Նշենք, որ ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Share