Բաժին. Ֆինանսական

Հայաստանում մեկնարկել է Վարշավայի կոնվենցիային նվիրված համաժողով

Հայաստանի Հանրապետության` Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության շրջանակներում, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում հոկտեմբերի 1-ից 4-ն անցկացվում է Եվրոպայի խորհրդի՝ «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2005թ. Վարշավայի կոնվենցիայով նախատեսված կողմերի իրազեկության բարձրացման, ինչպես նաև այդ կոնվենցիայի գծով գնահատողների ուսուցման համաժողով:

ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ համաժողովին մասնակցում է Եվրոպայի խորհրդի անդամ և ոչ անդամ երկրների, այդ թվում՝ Վարշավայի կոնվենցիան ստորագրած և վավերացրած կամ այդ կոնվենցիային միանալու ցանկություն հայտնած 28 երկրի արդարադատության, դատախազության և ֆինանսական հետախուզության մարմինների 46 ներկայացուցիչ:

Վարշավայի կոնվենցիան կոչված է ապահովելու փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ արդյունավետ պայքարը՝ սահմանելով կողմերի համար միասնական մոտեցումներ:

Կոնվենցիան անդրադառնում է այնպիսի հարցերի կարգավորմանը, ինչպիսիք են նշված հանցագործությունների կանխարգելման միջոցները, քրեական հետապնդման իրականացման և բռնագրավման մեխանիզմները, ներպետական և միջազգային համագործակցության սկզբունքները:

Հայաստանի Հանրապետությունը Վարշավայի կոնվենցիան ստորագրել է 2005թ.-ին և վավերացրել 2008թ.-ին: Հայաստանի Հանրապետությունում Վարշավայի կոնվենցիայի իրագործման պատշաճության մոնիթորինգը նախատեսվում է անցկացնել 2014թ.-ին:

Share