Բաժին. Ֆինանսական

Արթուր Ջավադյանը կմասնակցի ԱՄՀ-ի և ՀԲ-ի Կառավարիչների խորհուրդների տարեկան ժողովին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է ԱՄՆ: ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ ԿԲ նախագահը Վաշինգտոնում մասնակցելու է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013թ. տարեկան ժողովին:

ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ դրամավարկային և կապիտալ շուկաների դեպարտամենտի տնօրեն Կառլոս Մեդեյրոսի, ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրենների, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Արթուր Ջավադյանի այցի ընթացքում նախատեսված է հանդիպում սերտիֆիկացման ոլորտում մասնագիտացած «Բյուրո Վերիտաս» կազմակերպության հետ՝ երկկողմ գործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:

Նշենք, որ 2012թ. հունվարի 24-ին «Բյուրո Վերիտաս» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել էր ՀՀ կենտրոնական բանկը ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին:

Share