Բաժին. Ֆինանսական

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի միջոցառումները շարունակվում են

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում շարունակվում են անձնական ֆինանսների կառավարմանն ուղղված միջոցառումները:

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 15-ին, 18-ին և 22-ին տեղի են ունեցել «Երևանի Սիթի Տուր» ավտոբուսով ֆինանսական 3 շրջագայություններ՝ բանկային և ապահովագրական ուղղություններով: Շուրջ 100 մասնակիցներ այցելել են ՀՀ կենտրոնական բանկ, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ, Ավտոապահովագրողների բյուրո, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» և այլ ֆինանսական կառույցներ, որտեղ կառույցի մասնագետները փոքրիկ էքսկուրսիաներ են կազմակերպել: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա վերջին շրջագայությունը:

«Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի, Ֆինանսական համակարգի հաշտարարի և այլ ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ հանդիպումներ են ունեցել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Հայաստանում ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, որի ընթացքում ֆինանսական թեմաներով ուսուցողական սեմինարներ են անցկացվել:

Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում անցկացվել են բացօթյա ցուցահանդեսներ, որտեղ ԱՄՆ ՄԶԳ (USAID)-ի «Ֆինանսներ Տնտեսության զարգացման համար» ծրագրի ու ֆինանսավարկային կազմակերպությունների ներկայացուցիչներն  անձնական ֆինանսների ճիշտ կառավարմանն ուղղված ուսուցողական նյութեր են ներկայացրել, տեղեկատվական թռուցիկներ են բաժանել և ինտելեկտուալ բնույթի «միջընտանեկան մրցույթներ» են կազմակերպել: Դպրոցներում անց են կացվել նաև ֆինանսական խաղեր և ուսուցողական սեմինարներ:

Շաբաթը եզրափակվել է Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Ֆինանսական ֆլեշ-մոբ»-ով: Այդտեղ տասնյակ մասնակիցներ իրականացրել են ֆինանսական բազմաթիվ գործողություններ՝ բյուջեի պլանավորում, ծախսերի հաշվարկ, խնայողությունների կատարում և այլն: Միջոցառման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի աշխատակիցները անցորդներին և բոլոր հետաքրքրված անձանց տրամադրել են ֆինանսների վերաբերյալ ուսուցողական գրքույկներ:

Հիշեցնենք, որ «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-31-ը Երևանում և մարզերում իրականացվում են  մի շարք տեղեկատվական և ուսուցողական միջոցառումներ՝ Ֆինանսական շրջագայություն ավտոբուսով, «Երազանքների պատի» կառուցում, բազմատեսակ մրցույթներ, հանդիպումներ ու սեմինարներ դպրոցներում ու համալսարաններում, ինտերակտիվ դասընթացներ, բացօթյա ցուցահանդեսներ, ֆինանսական կազմակերպություններում բաց դռների օրեր և այլ միջոցառումներ:  

Միամսյակը կեզրափակվի հոկտեմբերի 31-ին՝  միանալով Խնայողությունների միջազգային օրվան:

Միջոցառումներն ու դրանց վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է www.abcfinance.am կայքում:

Share