Բաժին. Ֆինանսական

Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրվել է ֆինանսական համաձայնագիր

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին համաձայնագիր:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ համաձայնագրի շրջանակներում ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստանում Վերականգնման վարկերի բանկից (KfW) ստանալ արտոնյալ վարկեր և դրամաշնորհներ հետևյալ ծրագրերի համար.

• Բաց ծրագիր «Հոսանքահաղորդման համակարգ» (Հայաստան-Վրաստան բարձրավոլտ հոսանքահաղորդման գիծ) ծրագրի համար մինչև 75 մլն եվրո գումարի չափով վարկ,

• «Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարում, 1-ին փուլ» ծրագրի համար մինչև 18 մլն 500 հազար եվրո գումարի չափով վարկ,

• Գերմանա-հայկական հիմնադրամ (ԳՀՀ) «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի համար մինչև 15 մլն եվրո գումարի չափով վարկ,

• մինչև 750 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Կայուն տնտեսական զարգացում» առաջնահերթ ոլորտի ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,

• մինչև 2 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհ «Վերականգնվող էներգակիրների աջակցություն, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար,

• մինչև 1 մլն 500 հազար եվրո գումարի չափով դրամաշնորհ «Համայնքային ենթակառուցվածք, 2-րդ փուլ» ծրագրի իրականացման և աջակցության համար անհրաժեշտ օժանդակող հարակից միջոցառումների համար:

Share