Բաժին. Ֆինանսական

Երևանում մեկնարկել է PEMPAL ծրագրի 26-րդ աշխատաժողովը

Նոյեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է PEMPAL (Պետական ծախսերի կառավարում – նախնական ուսուցման աջակցում) ծրագրի հանրային հատվածի ներքին աուդիտորների համար նախատեսված 26-րդ քառօրյա աշխատաժողովը, որին մասնակցելու և ՀՀ ներքին աուդիտի փորձին ծանոթանալու համար Հայաստան են ժամանել թվով 30 ներկայացուցիչներ տարբեր երկրներից (Խորվաթիա, Հունգարիա, Մոլդովա, Սլովենիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Ղրղզստանի Հանրապետություն):

Ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ աշխատաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն ներքին աուդիտի մեթոդաբանությանը և կառավարման համակարգում դրա կիրառմանը, պլանավորման ռիսկերին, ուսուցման ու հավաստագրման համակարգին, ներքին աուդիտորների անկախությանն առնչվող և այլ հարցեր:

Ծրագիրն իրականացվում է 2006 թվականից Համաշխարհային բանկի աջակցությամբ և նպատակ ունի աջակցել Եվրոպական և Կենտրոնական Ասիայի 22 երկրներում պետական ծախսերի ֆինանսական կառավարման բարեփոխումներին: Այս պարբերական հանդիպումները փորձի փոխանակման միջոցով գործնական լուծումներ են տալիս հանրային ներքին աուդիտի բարեփոխումների իրականացմանն առնչվող առաջնային հիմնախնդիրներին:

Share