Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ֆինանսական համակարգը մոտենում է միջնորդության «կրիտիկական սահմանին»

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հայեցակարգին և գործողությունների ծրագրին:

Հայեցակարգում նշվում է, որ Կառավարության և Կենտրոնական բանկի համագործակցության արդյունքում վերջին 5 տարիների ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավվել են և հայկական բանկերի միջոցով տեղաբաշխվել են մոտ 400 մլրդ դրամի ֆինանսական միջոցներ, որը կազմել է նույն ժամանակահատվածում բանկերի կողմից տնտեսության վարկավորման մոտ 7.0 տոկոսը: Վարկային շուկայի մասնակիցների գերակշիռ մասը զարգացրել են իրենց առաջարկի մեջ ՓՄՁ վարկ բաղադրիչը, իսկ իրականացվող արդյունաբերական քաղաքա­կանության շրջանակներում ՀՀ կառավարության կողմից կիրառվող գործիքակազմը նպաստել է և շարունակում է նպաստել տնտեսավարողների մոտ ժամանակա­վորապես ազատ դրամական միջոցների ձևավորմանը:

Միևնույն ժամանակ, ըստ հայեցակարգի հեղինակների՝ Հայաստանի ֆինանսական համակարգը ներկայում մոտենում է մի «սահմանի», որը միջազգային պրակտիկայում կոչվում է միջնորդության «կրիտիկական արժեքներ», որոնց հասնելուց հետո այս ոլորտում էական աճ ապահովվում է միայն իրական հատվածում էական տեղաշարժերի արդյունքում:  

Մասնավորապես, վերջինիս հետագա էական աճի համար այսուհետ նախապայման է հանդիսանում իրական հատվածում ստվերայնության նվազումը և ընկերությունների կողմից թափանցիկ հաշվապահական հաշվառման վարումը, ինչի արդյունքում ֆինանսական կազմակերպություններն ի վիճակի կլինեն գնահատել ընկերությունների իրական ֆինանսական վիճակը և ռիսկայնությունը, կաճեն անկանխիկ շրջանառության ծավալները և հետևաբար, բանկերի ցպահանջ ավանդների և հաշիվների բազան, որոնք էլ դրականորեն կազդեն ֆինանսական միջնորդության հետագա աճի վրա:  

Հետևաբար, ՀՀ կառավարությունը այս հայեցակարգի ընդունմամբ որդեգրում է միաժամանակ տնտեսության ֆինանսական և իրական հատվածներում նպատակային քաղաքականության իրականացման մոտեցումը:

Հայեցակարգը ներառում է նաև Համաշխարհային բանկի, Արժույթի Միջազգային Հիմնադրամի կողմից արված ուսումնասիրությունների արդյունքներն ու առաջարկությունները ֆինանսական հասանելիության բարձրացման ուղղությամբ:

Հայեցակարգի նպատակն, ըդնհանուր առմամբ, այն առանցքային ուղղությունների և համապատասխան գործողությունների ամրագրումն է, որոնց իրականացման արդյունքում կբարձրանա իրական և ֆինանսական հատվածների համար ֆինանսական ռեսուրսների հասանելիությունը:

Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում է տնտեսության իրական և ֆինանսական հատվածների ինտեգրման աստիճանի բարձրացում, ինչն իրական հատվածի համար կապահովի ֆինանսական ռեսուրսների հասանելիության և մատչելիության աճ, իսկ ֆինանսական հատվածի համար` բիզնեսի ֆինանսավորման գործիքների բազմազանություն:

Հայեցակարգով նախատեսվում են իրական հատվածի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության բարձրացման հետևյալ ուղղությունները՝

– Վարկային բյուրոյի գործունեության համար անհրաժեշտ հանրային տվյալների շտեմարանների հասանելիության ապահովում,

– Շարժական գույքի գրանցման հարաբերությունների կարգավորման հստակեցում,

– Գույքի գրավադրման հարաբերությունների կարգավորման հստակեցում,

– Ավանդ չընդունող ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ կարգավորման և վերահսկողության մոդելի քննարկում.

– Արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականություն շրջանակներում «Արտադրական գործունեության վարկավորման սուբսիդավորում» գործիքի կիրառման շարունակական ընդլայնում,

– Ընկերությունների համար արտահանման ֆինանսավորման մատչելիության գործիքակազմի (արտահանման ապահովագրում) ներդրում և զարգացում,

– ՓՄՁ-երի նորամուծական նախաձեռնություններին վարկային երաշխավորությունների տրամադրման, ապահովման ճկուն և արդիական գործիքների («Տեխնոլոգիաների փոխանցում») ներդրում,

– Մասնավոր հատվածի վարկավորմանն ուղղված ֆինանսական ռեսուրսների տեղաբաշխման արդյունավետության բարձրացում,

– Լիզինգի և ֆակտորինգի շուկան զարգացնելու և խթանելու նպատակով հարկային օրենսդրության և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում բարեփոխումների իրականացում,

– Տեղական ընկերությունների կողմից բաժնետոմսերի և պարտատոմսերի թողարկման խրախուսում.

– Մշակել միջնաժամկետ ծրագիր` պետական պարտատոմսերի տոկոսադրույքները նվազեցնելու ուղղությամբ,

– Հաջորդող գրավի գործիքի գործնական կիրառելիության ընդլայնում:

Share