Բաժին. Ֆինանսական

Հայկական հուշադրամն առաջին տեղն է գրավել Վիչենցայի միջազգային դրամագիտական մրցույթում

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անց է կացվել հերթական՝ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ և էմիտենտ-կազմակերպություններ՝ ներկայացնելով 2012թ. թողարկման հուշադրամները:

Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`  «Աշխարհի լավագույն մետաղադրամ» և  «Լավագույն մետաղադրամ՝ ճարտարապետական կառույցի պատկերով»:

Կենտրոնական բանկից տեղեկանցում են, որ մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) պատվով արժանացել է առաջին մրցանակի` «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:

Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից և դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը:

Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկան՝ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքի՝ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլև Հայաստանի ու իր մայրաքաղաք Երևանի միջազգային մշակութային դերը:

Share