Բաժին. Ֆինանսական

SIGMA փորձագիտական կառույցը կուսումնասիրի Հայաստանի պետական ֆինանսական կառավարման ոլորտը

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ընդունել է Եվրամիության և տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության (OECD) կողմից հիմնադրված՝ ՍԻԳՄԱ (SIGMA) փորձագիտական կառույցի պատվիրակության ղեկավար Յուպ Վրոլիկին (Joop Vrolijk), ով հանդիսանում է տարածաշրջանում այս առաքելության ղեկավարը: Հանդիպմանը մասնակցել են նաև խմբի անդամ Կլաս Կլաասը (Klas Klaas), նախարարության պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ Մակար Ղամբարյանը: Այս մասին տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից:

Նշենք, որ այս փորձագիտական խմբի նպատակն է ուսումնասիրել Հայաստանի պետական ֆինանսական կառավարման ոլորտը, գնահատել թե ձեռքբերումներն ու թե բացթողումները՝ ամփոփելով դրանք եզրակացության մեջ:

Մասնագիտական գնահատման արդյունքում ի հայտ եկած թերությունները, ըստ ոլորտի պատասխանատուների, գործադիրի համար այս ուղղությամբ ռազմավարությունը վերանայելու հիմք կհանդիսանան:

SIGMA-ն նախորդ եզրակացությունը տվել է 2009 թվականին, որը նախատեսվում է ստացված արդյունքների հիման վրա վերանայել փետրվար-մարտ ամիսներին, այնուհետև հրապարակել:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքին աուդիտին, վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրմանը և ընդհանրապես պետական կառավարման համակարգին առնչվող հարցեր:

Դավիթ Սարգսյանը, բարձր գնահատելով կառույցի առաքելությունը Հայաստանում, հույս է հայտնել համագործակցության արդյունքում բարելավել կառավարումը՝ հատկապես պետական ֆինանսական ոլորտում:

SIGMA-ն մասնագիտական կառույց է, որը երկրորդ անգամ է համակողմանի արտաքին գնահատում իրականացնում այս ոլորտում ֆինանսների նախարարության առաջարկությամբ:

Share