Categories: Ֆինանսական

Տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման լիցենզիա և կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն

ՀՀ կենտրոնական բանկի կողմից «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» և «ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերություններին տրամադրվել են ներդրումային ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիա, ինչպես նաև պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման թույլտվություն: Այս մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Կայուն Եկամտային (AMFIX), ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Պահպանողական (AMCON), ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ Հավասարակշռված (AMBAL):

«ՑԵ-ԿՎԱԴՐԱՏ ԱՄՊԵԳԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունն առաջարկում է հետևյալ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը՝ Ցե-Կվադրատ Ամպեգա Կայուն Եկամտային (CQFIX), Ցե-Կվադրատ Ամպեգա Պահպանողական (CQCON), Ցե-Կվադրատ Ամպեգա Հավասարակշռված (CQBAL):

Կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու նպատակով մասնակիցները կարող են մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը: Ընտրությունը կարող են կատարել նաև հաշվի օպերատորների միջոցով:

Այս պահի դրությամբ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի հետ կնքված պայմանագրերի համաձայն կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատորներ են հանդիսանում «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ,  «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ» ՓԲԸ, «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ,  «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ, «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ:

Հարկ է նշել, որ հաշվի օպերատորները և նրա աշխատակիցներն իրավունք չունեն գովազդել կամ որևէ կերպ ուղղորդել մասնակցին ընտրելու կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում, սակայն ընտրում է ֆոնդի կառավարիչ, ապա նրա համար Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) ընտրում է իր նախընտրած կառավարչի պահպանողական ֆոնդը:

Եթե մասնակիցը չի կողմնորոշվում՝ ինչ տեսակի ֆոնդ է ցանկանում և դժվարանում է ընտրել ֆոնդի կառավարիչ, ապա նրա փոխարեն Հայաստանի պարտադիր կենսաթոշակային տեղեկատվական համակարգը (AMPIS) պատահականության սկզբունքով ընտրում է որևէ կառավարչի պահպանողական ֆոնդը:

Share