Բաժին. Ֆինանսական

«Ամերիա»-ն ճանաչվել է տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն

«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը  Lawyer Monthly ամսագրի կողմից  ճանաչվել է Հայաստանի 2013թ. տարվա լավագույն իրավաբանական կազմակերպություն: 

«Ամերիա»-ի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Lawyer Monthly ամսագրի մրցանակն իրավական ոլորտում  հանդիսանում է գործունեության և փորձառության գնահատման բարձր չափանիշ: Այս ամենամյա մրցանակը շնորհվում է ամենադինամիկ զարգացող և վստահություն վայելող իրավախորհրդատվական կազմակերպություններին: 2013թ. մրցանակաբաշխությանն առաջադրվել է իրավախորհրդատվական ծառայություններ մատուցող  աշխարհի ավելի քան 500 ընկերություն:

Ըստ մրցույթի կազմակերպիչների՝ «Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը քվեարկության արդյունքում լավագույնն է ճանաչվել մի շարք չափանիշների հիման վրա: Մասնավորապես, հաշվի է առնվել «Ամերիա» ընկերության փորձառությունը, դիտարկվել է վերջին 12 ամիսների ընթացքում ծավալած գործունեությունը և ներգրավվածությունը նշանակալի իրավական խնդիրների լուծման գործընթացում: «Ամերիա»-ն hաղթող է ճանաչվել նաև լուծված իրավական խնդիրների  քանակի (ծավալի), իր նորարարական մոտեցումների, ինչպես նաև` նախորդ ձեռքբերումների ու մրցանակների հիման վրա:

Նշենք, որ իրավական ոլորտում հայտնի Lawyer Monthly ամսագիրը հիմնականում անդրադառնում է համաշխարհային իրավական համայնքի, մասնավորապես,ԱՄՆ-ի, Եվրոպայի և Ասիայի երկրների գործունեությանը:

«Ամերիա» իրավական խորհրդատվական ծառայությունը Հայաստանի ամենահին ինստիտուցիոնալ հիմքերով գործող իրավաբանական խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերություն է:  Այն առաջարկում է իրավաբանական խորհրդատվական և ներկայացուցչական (այդ թվում` դատական) ծառայությունների ամբողջական փաթեթ` մասնագիտանալով հատկապես բիզնեսի և ձեռնարկատիրական գործունեության իրավական սպասարկման մեջ և ներդրումների (այդ թվում օտարերկրյա) իրավական պաշտպանության ոլորտում:

Share