Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 7.75%

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Կենտրոնական բանկի (ԿԲ) Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում կայացել է ԿԲ արտագնա նիստը: ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7.75%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 9.25% և 6.25%:

Նշենք, որ 2013թ. նոյեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0.9% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և ամսվա վերջին կազմել է 6.6%:

ԿԲ-ից հայտնում են, որ գնաճի նվազումն ընթանում է կանխատեսվածի համեմատ ավելի արագ տեմպերով, ինչի արդյունքում 12-ամսյա գնաճը տարեվերջին կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի վերին սահմանին մոտ:

Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածի զարգացումներն ընթացել են հիմնականում կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Խորհուրդը գնահատել է, որ չնայած չորրորդ եռամսյակի ընթացքում հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնողական ընթացքին, պահպանվում են տնտեսական աճի ցածր տեմպերը՝ պայմանավորված ներդրումների վարքագծով և մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղմամբ:

Հաշվի առնելով արտաքին և ներքին տնտեսությունների վերոնշյալ զարգացումները, ինչպես նաև հետագայում գնաճի նվազման սպասումները, ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել դրամավարկային պայմանների թուլացումը: Միևնույն ժամանակ, ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև 2014թ. հարկաբյուջետային քաղաքականության առանձնահատկություններով:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը կշարունակի նվազել և մոտակա ամիսներին կվերադառնա 4% նպատակային մակարդակին՝ կանխատեսվող հորիզոնում պահպանվելով տատանումների թույլատրելի միջակայքում:

Share