Բաժին. Ֆինանսական

Ազգային հիփոթեքային ընկերության պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

Այսօրվանից՝ դեկտեմբերի 26-ից, Ազգային Հիփոթեքային Ընկերության անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվել են առևտրին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի ազատ շուկայի հարթակում և ընդգրկվել են պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում, ինչպես նաև թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը: Այս մասին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայից:

Նշենք, որ Ազգային Հիփոթեքային Ընկերության այս թողարկումը ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս ժամկետայնությամբ 5,000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, զեղչատոկոսային պարտատոմսեր:

Պարտատոմսերի բորսայական հապավումն է՝ NMCCB8:   

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 11-ին Ազգային Հիփոթեքային Ընկերության նշված պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում՝ 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Սա ԱՀԸ-ի պարտատոմսերի արդեն ութերորդ թողարկումն է: Պարտատոմսերի առաջին հինգ թողարկումները (NMCCB1, NMCCB2, NMCCB3, NMCCB4 և NMCCB5) 2011-2013թթ.-ին տեղաբաշխվել էին Բորսայում և թույլատրվել առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, այնուհետև, համապատասխանաբար, մարվել և դուրս են եկել բորսայական շրջանառությունից:

Պարտատոմսերի վեցերորդ և յոթերորդ թողարկումները (NMCCB6, NMCCB7) թույլատրվել են առևտրին Բորսայի պարտատոմսերի ազատ Cbond շուկայում, համապատասխանաբար, 22.08.2013թ.-ին և 24.10.2013թ.-ին, և ներկայումս գտնվում են շրջանառության մեջ:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը հիմնադրվել է 2009 թվականի հունիսին: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը ՀՀ կենտրոնական բանկն է:

Ընկերության գործում է երկրորդային շուկայում և համագործակցելով բանկերի և վարկային կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տրամադրում է ցածր տոկոսով և երկարաժամկետ վարկեր՝ փորձելով բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով հիփոթեքային վարկերը դարձնել մատչելի բոլոր նրանց համար, ովքեր ունեն բնակարանային ֆինանսավորման կարիք:

Share