Բաժին. Ֆինանսական

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պարզաբանում է

ԶԼՄ-ներով շրջանառվում են ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ տեղեկություններ, որոնք Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարծիքով կարող են մոլորության մեջ գցել համակարգի սպառողներին:

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տարածել է հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում է.

«Շրջանառվում է տեղեկատվություն, համաձայն որի` վարորդներն իրավունք ունեն առանց ԱՊՊԱ պայմանագիր ունենալու վարել ավտոմեքենան մինչև 10 օր: Բյուրոն հայտնում է, որ յուրաքանչյուր ավտոմեքենա, որը վարվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներով, պետք է շահագործման ժամանակ մշտապես ունենա ԱՊՊԱ պայմանագիր, իսկ 10 օրյա ժամկետը վերաբերում է այն մեքենաներին, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր և հաշվառված են` անկախ նրանից շահագործվում են, թե` ոչ:

Շրջանառվող մեկ այլ տեղեկատվության համաձայն` ԱՊՊԱ չունեցող մեքենան յուրաքանչյուր օր տուգանվելու է 500 ՀՀ դրամով: Այս կապակցությամբ Բյուրոն կրկին անգամ տեղեկացնում է, որ, եթե մեքենան գործող ԱՊՊԱ պայմանագիր չունի, սակայն հաշվառված է, ապա տուգանք կարող է նշանակվել, եթե գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը տևել է ավելի, քան տասն օր: Ընդ որում, տուգանքի չափը սահմանված է յուրաքանչյուր տասն օրվա համար` 5000 ՀՀ դրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100 000 ՀՀ դրամը»:

Share