Բաժին. Ֆինանսական

2013թ.-ին Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը գրանցել է բողոքների էական աճ

2013թ.-ին, նախորդ տարիների համեմատ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն արձանագրել է հաճախորդների կողմից ստացված բողոքների և քննած պահանջների էական աճ:

Գրասենյակի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2010թ.-ին, 2009թ.-ի համեմատ, հաճախորդների բողոքների թիվն աճել էր 70%-ով, իսկ քննած պահանջները` 93%-ով: 2011թ.-ին, 2010թ.-ի համեմատ, բողոքներն աճել էին 25%-ով, իսկ քննած պահանջները` 31%-ով: 2012թ. ստացված բողոքներն ու պահանջները 2011թ.-ի համեմատ աճել էին համապատասխանաբար 63.2%-ով և 172.2%-ով: 2013թ.-ին, 2012թ.-ի համեմատ, ստացված բողոքների քանակն աճել է 53%-ով, պահանջների քանակը՝ 109%-ով:

Գրասենյակի կողմից 2013թ.-ի ընթացքում քննության է ընդունվել 818 պահանջ: Պահանջների քննության արդյունքում գործերի 71.03%-ը լուծվել է հօգուտ հաճախորդների (23.01.2014թ.-ի դրությամբ թվով 125  գործ դեռևս գտնվում է քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 80%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Ներկայացված 818 բողոքներից 208-ն ուղղված է եղել բանկերի դեմ, 591-ը՝ ապահովագրական ընկերությունների դեմ, 7-ն՝ Ապահովագրողների բյուրոյի դեմ, 6-ը՝ գրավատների դեմ, 5-ը՝ վարկային կազմակերպությունների դեմ, 1-ը՝ դրամական փոխանցում իրականացնող կազմակերպության դեմ:

Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից 2013թ.-ին քննության ընդունված 818 գործից՝ թվով 693 գործի շրջանակներում (23.01.2014թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 175,858,478  ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ Ֆինանսական համակարգի հաշտարարը, համաձայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009թ. հունվարի 24-ից:

2014 թվականի հունվարի 24-ին լրացել է Հաշտարարի գրասենյակի գործունեության հինգ տարին:

Share