Բաժին. Ֆինանսական

Գործարար ակտիվության և գործարար միջավայրի ցուցանիշները նվազել են

2013 թվականի չորրորդ եռամսյակում Հայաստանում Գործարար ակտիվության ցուցանիշը (ԳԱՑ) կազմել է 50.1: Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ գրանցված արդյունքը գտնվում է կայունության միջակայքում, սակայն պետք է նշել, որ այն ամենացածրն է՝ նախորդ երեք եռամսյակների համեմատ:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու եռամսյակում ակտիվության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում՝ 52.8, իսկ ամենացածր ցուցանիշը` ծառայությունների ոլորտում՝ 46.7, որը ևս  կայունության միջակայքում է: Շինարարության և առևտրի ոլորտներում ևս, չնայած արձանագրված աճի տեմպի դանդաղմանը, ցուցանիշների արժեքները գտնվում են կայունության միջակայքում:

Միևնույն ժամանակ, Գործարար միջավայրի ցուցանիշը (ԳՄՑ) կազմել է 50.9, որը ևս ամենացածրն է՝ նախորդ երեք եռամսյակների համեմատ, սակայն Կենտրոնական բանկի պարզաբանմամբ՝ դեռևս վկայում է գործարարների կողմից գործարար միջավայրի վերաբերյալ կայուն տրամադրվածության մասին: Գործարար միջավայրի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է արդյունաբերության ոլորտում (52.5), իսկ ամենացածր ցուցանիշը` առևտրի ոլորտում, ինչը, սակայն, գտնվում է կայունության միջակայքում: Շինարարության և ծառայությունների ոլորտներում ևս, չնայած արձանագրված աճի տեմպի դանդաղմանը, ցուցանիշների արժեքները գտնվում են կայունության միջակայքում:

Նշենք, որ ցուցանիշների հաշվարկն իրականացվում է պատասխանների փաստացի և սպասման արժեքների միջինացման միջոցով:

Գործարար ակտիվության փաստացի արժեքը հաշվարկվել է թողարկման ծավալների ընթացիկ, իսկ սպասման արժեքը` գալիք եռամսյակում թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Գործարար միջավայրի փաստացի արժեքը հաշվարկվել է ընկերության տնտեսական վիճակը ընթացիկ, իսկ սպասման արժեքը գալիք եռամսյակում ընկերության տնտեսական վիճակի վերաբերյալ կազմակերպությունների սպասումների սեզոնային հարթեցված պատասխանների հիման վրա:

Ցուցանիշների հաշվարկման համար տրվող հարցերը ունեն պատասխանների հետևյալ տարբերակները.աճ, անփոփոխ մակարդակ, նվազում: Պատասխանների հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր տարբերակի տեսակարար կշիռը պատասխանների ընդհանուր քանակում, այնուհետև դրական պատասխանների տեսակարար կշռին գումարվում է չեզոք պատասխանների կշռի կեսը` ստանալով պատասխանների արժեքները: Արժեքները տատանվում են [0, 100] միջակայքում: 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայունության միջակայք ընդունել ենք արժեքի տատանումը 45-ից մինչև 55-ը:

Share