Բաժին. Ֆինանսական

Կայացել է Ազգային Հիփոթեքային Ընկերության 9-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը

Փետրվարի 5-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում ստանդարտ, փակ (եվրոպական) աճուրդի անցկացման միջոցով կայացել է «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ-ի իններորդ թողարկման (100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12 ամիս ժամկետայնությամբ, 10,000 հատ անվանական զեղչատոկոսային) պարտատոմսերի տեղաբաշխումը:

«Ազգային Հիփոթեքային Ընկերություն»-ից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցել են Բորսայի թվով 4 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 924,419,680 ՀՀ դրամ, իսկ  բավարարված գնման հայտերի ընդհանուր ծավալը` 741,058,200  ՀՀ դրամ: Տեղաբաշխված պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 8.6766%, սահմանային (կտրման) եկամտաբերությունը` 8.8013%:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում հավաքագրված գումարներն Ընկերությունն ուղղելու է իր գործընկեր ֆինանսական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրամադրված բնակարանային հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը:

2014թ. փետրվարի 5-ի դրությամբ  «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ  կողմից վերաֆինասավորվել է շուրջ 4313 հատ վարկ 34.4 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2739 հատ վարկը 26.3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1574 հատը՝ 8.1 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում: Տրամադրված վարկերի 2782-ը 26.9 մլրդ ՀՀ դրամ ծավալով տրամադրվել է ձեռքբերման նպատակով, իսկ 1531 հատը 7.5 մլրդ ՀՀ դրամ ծավալով  վերանորոգման և կառուցապատման նպատակով:

31.12.2013թ դրությամբ Ընկերության ակտիվները կազմել են 29,9 մլրդ ՀՀ դրամ, իսկ ընդհանուր  կապիտալը՝ 10,7 մլրդ ՀՀ դրամ, չբաշխված շահույթը՝ 1,4 մլրդ:

Share