Բաժին. Ֆինանսական

2013թ.-ին Հայաստան են հոսել ավելի քան 1,8 մլրդ դոլարի տրանսֆերտներ

2013 թվականին Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է 1 մլրդ 869,7 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 11%-ով:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու տարում Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 95%-ը բաժին է ընկել 10 երկրի՝ Ռուսաստան, ԱՄՆ, Ուկրաինա, Ղազախստան, Գերմանիա, Ֆրանսիա, ԱՄԷ, Իսպանիա, Թուրքիա, Չինաստան:

Ընդ որում, հաշվետու տարում աճել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Իսպանիայից և Թուրքիայից Հայաստանի բանկային համակարգի միջոցով մեր քաղաքացիներին ոչ առևտրային նպատակներով փոխանցված դրամական միջոցները: Միևնույն ժամանակ, կրճատվել են Ուկրաինայից և Չինաստանից ոչ առևտրային նպատակներով Հայաստան ուղարկված դրամական միջոցների ծավալները:

Ըստ ձևավորված ավանդույթի՝ տրանսֆերտների մեծ մասը բաժին է ընկել Հայաստանի հիմնական գործընկեր Ռուսաստանին: 2013 թվականին Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 606,6 մլն ԱՄՆ դոլար:ԱՄՆ-ից ստացվել են 82,0 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  23,7 մլն ԱՄՆ դոլար:

Ուկրաինայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 17,0 մլն ԱՄՆ դոլար, Գերմանիայից՝ 15,5 մլն ԱՄՆ դոլար, Ֆրանսիայից՝ 14,6 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 7,7 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝  6,4 մլն ԱՄՆ դոլար, Թուրքիայից՝ 1,8 մլն ԱՄՆ դոլար, Չինաստանից՝ 1,3 մլն ԱՄՆ դոլար:

Share