Բաժին. Ֆինանսական

ԿԲ. 2014թ.-ին գնաճը կգտնվի 2.5-5.5% միջակայքում

2014 թվականին Հայաստանում գնաճը կշարունակի նվազել և տարվա երրորդ եռամսյակում կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքի (4 ±1,5%) ստորին սահմանին մոտ, որը պայմանավորված կլինի 2013 թվականի հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության չեզոքացմամբ: Նման գնահատական է ներկայացրել Կենտրոնական բանկը:

Հրապարակված «Գնաճի հաշվետվության» մեջ նշվում է, որ դրամավարկային պայմանների թուլացումը, և մասնավորապես, 2014 թվականի փետրվարից դրամով ներգրավված միջոցների դիմաց պարտադիր պահուստավորման նորմայի նվազեցումը 4%-ից 2%-ի, ինչպես նաև սպասվող խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը նպաստելու են ՀՆԱ բացասական ճեղքվածքի կրճատմանը և արդեն 2014 թվականի երկրորդ կիսամյակում դրական ճեղքվածքի (պահանջարկի գնաճային ճնշումների) ձևավորմանը, որի ազդեցությամբ գնաճը տարեվերջին կկայունանա իր նպատակային մակարդակի շրջակայքում:

ԿԲ գնահատմամբ՝ 2014 թվականի սկիզբը նշանավորվել է անորոշությունների ավելացմամբ՝ կապված թե արտաքին և թե ներքին տնտեսության ապագա զարգացումների հետ:

Արտաքին աշխարհում անորոշությունները պայմանավորված են զարգացող երկրների (կարևորվում է հատկապես Ռուսաստանը) տնտեսական զարգացման հեռանկարներով: ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից քանակական ընդլայնման ծրագրի կրճատումը զարգացող երկրներից կապիտալի արտահոսքի խթան է հանդիսացել, որն էլ հանգեցրել է զարգացող երկրների արժույթների արժեզրկմանը և տնտեսական աճի որոշակի դանդաղմանը: Ներկայումս անորոշությունները կապված են կապիտալի հոսքերի տատանողականության պայմաններում զարգացող երկրների ֆինանսական շուկաների կայունացման և տնտեսական աճի տեմպերի վերականգնման հեռանկարների, ինչպես նաև հումքային և պարենային ապրանքների շուկաների վրա դրանց հնարավոր ազդեցության փոխանցման հետ:

Ներքին տնտեսությունում հիմնական անորոշությունը կապված է մասնավոր կապիտալ ներդրումների վերականգնման տեմպերի և ՀՀ պետբյուջեի կատարման ընթացքի հետ, որոնք կարող են էապես ազդել համախառն պահանջարկի և գնաճի զարգացումների վրա: Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացումների վրա Մաքսային միությանն անդամակցության հնարավոր ազդեցության առումով դեռևս հստակություն չկա, քանի որ անդամակցության պայմանները քննարկման փուլում են:

Այս բոլոր գործոնների ներքո գնահատվում է, որ 12-ամսյա գնաճը 2014 թվականին կլինի 2.5-5.5% միջակայքում, իսկ տնտեսական աճը, 2014 թվականի արդյունքներով, կկազմի 5.4-6.1%:

Մակրոտնտեսական սպասվող միջավայրին համապատասխան՝ 2014թ. առաջին եռամսյակում ԿԲ-ն կշարունակի թուլացնել դրամավարկային պայմանները՝ արձագանքելով դեռևս պահպանվող ցածր տնտեսական ակտիվությանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները մեծապես կպայմանավորվեն վերոնշյալ անորոշությունների դրսևորումներով:

Share