Բաժին. Ֆինանսական

Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրվել է ֆինանսական համագործակցության նոր համաձայնագիր

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիր:

Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ համաձայնագիրը միտված է երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը գործընկերային ֆինանսական համագործակցության միջոցով և նպատակ ունի աջակցել ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համաձայնագրի շրջանակներում ԳԴՀ կառավարությունը հնարավորություն է տալիս ՀՀ կառավարությանը Վերականգնման վարկերի բանկից (KfW) «Համայնքային ենթակառուցվածքներ II, 3-րդ փուլ» ծրագրի իրականացման համար ստանալ մինչև 2,5 միլիոն եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն (դրամաշնորհ) և մինչև 30 միլիոն եվրո գումարի չափով արտոնյալ վարկ:

Share