Բաժին. Ֆինանսական

Այս տարվա առաջին եռամսյակում Արդշինինվեստբանկի զուտ շահույթն աճել է 50%-ով

Ապրիլի 15-ին Արդշինինվեստբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները: Բանկը շարունակում է կայուն աճ արձանագրել: 2014 թվականի առաջին եռամսյակի վերջի դրությամբ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2013 թվականի տարեվերջի հետ հետևյալն է.

Ակտիվներն աճել են 8.1 միլիարդ դրամով կամ 3%-ով և կազմել     277.5 մլրդ դրամ: Վարկային պորտֆելը նազել է 5.4 մլրդ դրամով կամ 3%-ով և կազմել 171.7 մլրդ դրամ:
Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելն աճել է 8.3%-ով կամ 4.3 մլրդ դրամով և կազմել 56.4 մլրդ դրամ: Հաճախորդներից ներգրավված միջոցների ծավալն աճել է 14.4%-ով  և կազմել    182.1 մլրդ դրամ:  Սեփական կապիտալն աճել է 1.2%-ով և կազմել 44.7 մլրդ դրամ:

2014 թվականի առաջին եռամսյակի Արդշինինվեստբանկի զուտ շահույթը կազմել է 1.5 մլրդ ՀՀ դրամ՝ 1,5 անգամ գերազանցելով նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի ցուցանիշը:

Միջազգային ֆինանսական կառույցների հետ հարաբերությունների զարգացման արդյունքում Արդշինինվեստբանկը Սիթիբանկի հետ կնքել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ:

2014 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Արդշինինվեստբանկի մշտական ակտիվ հաճախորդների քանակն աճել է ավելի քան 2000 հաճախորդով և կազմել է շուրջ 223.000 հաճախորդ:

Share