Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական Բանկ. Հայաստանի ֆինանսական համակարգը կայուն է, ռիսկերը` կառավարելի

-2013 թվականին Հայաստանի ֆինանսական համակարգը շարունակել է ցուցաբերել աճի միտումներ` միաժամանակ պահպանելով կայունությունն ու անհրաժեշտ ճկունությունը՝ հնարավոր ռիսկերին դիմակայելու համար:

– Մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում արդիական են համաշխարհային պահանջարկի ցածր մակարդակի պահպանման եւ աշխարհաքաղաքական հետագա զարգացումների հետ կապված անորոշությունները:

– Ֆինանսական հաստատություններում էական տեղ է զբաղեցնում վարկային ռիսկը, ինչը, սակայն, այլ երկրների համեմատ հիմնականում գնահատվում է ցածր:

– Իրականացված սթրես թեստերի արդյունքներով Հայաստանի բանկային համակարգը բավարար իրացվելի է եւ կապիտալացված՝ շոկային իրավիճակներում ռիսկերի ազդեցությունը կլանելու համար:

ՀՀ տնտեսության եւ ֆինանսական կայունության վրա ազդող հիմնական արտաքին ռիսկերը 2013թ. ընթացքում պահպանվել են: Համաշխարհային տնտեսության աճի վերականգնումը արագացել է միայն տարվա երկրորդ կեսին` հիմնականում պայմանավորված զարգացած երկրների` առավելապես ԱՄՆ-ի դրական մակրոտնտեսական զարգացումներով:

Եվրոգոտու երկրներում, ի տարբերություն տարվա առաջին կեսի անբարենպաստ  արգացումներին, տարեվերջին արդեն նկատելի էին տնտեսական անկման հաղթահարման միտումներ: Զարգացող երկրներում տնտեսական աճի դանդաղման միտումը պահպանվել է` նպաստելով մի շարք բորսայական ապրանքատեսակների պահանջարկի եւ գների ցածր մակարդակի պահպանմանը: Զարգացող եւ զարգացած երկրների դրամավարկային մարմինները շարունակել են վարել տնտեսական աճի խթանմանն ու վերջինիս հետագա ամրապնդմանն ուղղված քաղաքականություն: ՀՀ հիմնական առեւտրային գործընկեր հանդիսացող Եվրամիության որոշ երկրներում եւ Ռուսաստանում տնտեսական աճը սպասվածից ավելի թույլ է եղել, թեեւ դրանց ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա նշանակալի չէր: Տարվա ընթացքում արձանագրվել է ինչպես ՀՀ արտահանման, այնպես էլ մասնավոր դրամական փոխանցումների ծավալների աճ:

Միջազգային շուկաներում արդյունաբերական մետաղների գների համեմատաբար ցածր մակարդակը, ՀՀ արդյունաբերության ճյուղի ցածր աճը եւ շինարարության ճյուղի նվազումը բացասաբար են անդրադարձել ՀՀ տնտեսական աճի տեմպի վրա: ՀՀ արտահանման ծավալների աճը դրական ազդեցություն է ունեցել արտահանող կազմակերպությունների վարկունակության վրա, իսկ մասնավոր տրանսֆերտների եւ գործոնային եկամտի աճի արդյունքում պահպանվել է դրամական փոխանցումներ ստացող տնային տնտեսությունների վարկունակությունը:

Նախորդ տարվա համեմատ բանկային համակարգի վարկերի աճի տեմպը դանդաղել է, ինչի արդյունքում ավանդների առաջանցիկ աճի միտումների պահպանման պայմաններում էապես ավելացել է բանկային համակարգի իրացվելիությունը: Հայաստանի բանկային համակարգը պահպանել է նորմատիվային պահանջներից բավական բարձր կապիտալի համարժեքության ու իրացվելիության ցուցանիշներ: Արձանագրվել է բանկային համակարգի շահութաբերության մակարդակի նվազում, ինչը մասամբ պայմանավորված է տոկոսային սպրեդի (վարկերի եւ ավանդների տոկոսադրույքների տարբերություն) նվազմամբ:

Ընդհանուր առմամբ` վերոնշյալ զարգացումների ներքո ֆինանսական համակարգը կարողացել է ապահովել ամփոփ ցուցանիշների աճ՝ ռիսկերը պահպանելով կառավարելի շրջանակում: Ֆինանսական համակարգի կապիտալացվածության համեմատաբար բարձր մակարդակի պահպանումը եւ իրացվելիության աճը հանգեցրել են ֆինանսական կայունության ամրապնդմանը:

Share