Բաժին. Ֆինանսական

Ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը աճել է և կազմել 62.2%

2013 թվականին Հայաստանի ֆինանսական շուկայում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվներն ավելացել են 30.3%-ով՝ տարեվերջին կազմելով 50.0 մլրդ դրամ, պարտավորություններն ավելացել են 38.1%-ով` կազմելով 34.0 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը՝ 16.3%-ով` կազմելով 16.0 մլրդ դրամ:

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի ֆինանսական համակարգում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը աճել է 0.1 տոկոսային կետով` տարվա վերջի դրությամբ կազմելով ֆինանսական համակարգի ակտիվների 1.5%-ը:

Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը` հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, 2013 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է 1%-ով` կազմելով 35.8 մլրդ դրամ: Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող մյուս ցուցանիշը` ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, 2013 թվականի վերջին կազմել է 0.83%` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով:

Ինչ վերաբերում է բնակչության մեկ շնչին ընկնող ապահովագրավճարներին, ապա այս ցուցանիշը տարեվերջին կազմել է 10,894 դրամ` նախորդ տարեվերջի 10,824 դրամի փոխարեն:

Նշենք նաև, որ 2013 թվականին ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշը, նախորդ տարվա համեմատ, աճել է 3.0 տոկոսային կետով և կազմել 62.2%: Ապահովագրական ընկերությունների վնասաբերության ցուցանիշի աճը զուգակցվել է ծախսատարության ցուցանիշի նվազմամբ, որը 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, նվազել է 2.0 տոկոսային կետով և տարեվերջին կազմել է 30.3%՝ վկայելով ապահովագրական համակարգի գործառնական արդյունավետության աճի մասին:

Share