Բաժին. Ֆինանսական

2013թ.-ին բանկերում ֆիզիկական անձանց ավանդները աճել են շուրջ 23%-ով

2013 թվականին Հայաստանի բանկային համակարգում պահպանվել է ֆիզիկական անձանց բանկային ավանդների և երաշխավորված ավանդների աճի միտումը:

Կենտրոնական բանկից հայտնում են, որ 2013 թվականի վերջին, նախորդ տարվա վերջին գրանցված ցուցանիշի համեմատ, ֆիզիկական անձանց բանկային ավանդների գումարն ավելացել է շուրջ 22.9%-ով, իսկ երաշխավորված ավանդների գումարը` 19.3%-ով:

2013 թվականի վերջի դրությամբ երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների թիվը ավելացել է 15.8%-ով և կազմել է 1 մլն 582 հազար 431 (նշված հաշվարկում ներառված չեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում հաշվառվող՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ավանդատուները):

ՀՀ բանկային համակարգում ավանդատուների գերակշռող մասը միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուներն են:

Հաշվետու տարվա վերջի դրությամբ միայն ՀՀ դրամով ավանդ ունեցող ավանդատուների կշիռն ավանդատուների ընդհանուր թվի մեջ կազմել է 84.6%, իսկ միայն արտարժույթով ավանդ ունեցող ավանդատուների կշիռը` 6.4%:

2013 թվականի վերջին, 2012 թ. վերջի համեմատությամբ, ավելացել է նաև ՀՀ դրամային ավանդների կշիռը՝ կազմելով 30.6%:

Նշենք, որ 2005 թվականին ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստեղծվել է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, որի նպատակներն են` նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության, բանկային համակարգի  նկատմամբ հանրության վստահության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

Share