Բաժին. Ֆինանսական

Ամերիաբանկն աճ է գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով

Ամերիաբանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքները վկայում են, որ Բանկը շարունակում է առևտրի ֆինանսավորման ոլորտում կայուն աճի տեմպեր գրանցել ֆակտորինգային գործառնությունների գծով` ամրապնդելով առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում:

Ամերիաբանկին ֆակտորինգով զիջված դրամական պահանջի ընդհանուր ծավալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 182%-ով և կազմել շուրջ  4.6 մլրդ ՀՀ դրամ:

Ամերիաբանկն անցյալ տարվա սկզբից անդամակցելով միջազգային խոշորագույն «Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» (Factors Chain International) միջազգային ֆակտորինգային միությանը` հաճախորդների համար բիզնեսի ընդլայնման մեծ հնարավորություններ է ստեղծել` աշխարհի ավելի քան 80 երկրներից նոր գործընկերներ ձեռք բերելու և սպառման նոր շուկաներ դուրս գալու միջոցով: 

Այս անդամակցությունը Բանկին հնարավորություն ընձեռեց էապես ընդլայնել միջազգային ֆակտորինգային ծառայությունների շրջանակը. արդյունքում` մեկ տարվա ընթացքում շուրջ 9 անգամ աճել են միջազգային ֆակտորինգի գործարքները: Ընթացիկ տարվա մարտի 31-ի դրությամբ Բանկի ֆակտորինգային գործարքների 61%-ը բաժին է ընկնում միջազգային ֆակտորինգի գործարքներին, իսկ 39%-ը` ներքին շուկայում իրականացված տեղական գործարքներին: Հավելենք նաև, որ միջազգային ֆակտորինգի գործարքներն ամբողջությամբ արտահանման գործարքներ են. սա վկայում է, որ ֆինանսավորման այս գործիքի միջոցով Ամերիաբանկն էապես նպաստում է արտահանման աճին, միջազգային շուկայում հայրենական ապրանքների իրացմանը:

Նշենք, որ «Ֆակտորս Չեյն Ինթերնեշնլ» միությունը վերջերս հրապարակել է շատ սպասված հաշվետվություն համաշխարհային ֆակտորինգի ոլորտի վերաբերյալ, ուր մասնավորապես նշվել է, որ 2013թ. արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 10%-ով և հատել ավելի քան 3 տրիլիոն ԱՄՆ դոլարի սահմանը, ինչը բացառիկ ցուցանիշ է ֆակտորինգային գործառնությունների պատմության մեջ: Սա վկայում է այն մասին, որ աշխարհում օրեցօր աճում է ֆակտորինգի նկատմամբ ընկերությունների պահանջարկը, և այն դիտարկվում է որպես առավել արդյունավետ ֆինանսավորման գործիք, որը թույլ է տալիս վճարման հետաձգման պայմաններում համալրել շրջանառու միջոցները: Եվ չնայած Ամերիաբանկի կողմից առաջարկվող ֆակտորինգային ֆինանսավորման ծառայությունն ունի բավականաչափ ճկուն պայմաններ, այնուհանդերձ, Բանկը կիրառելով միջազգային հարուստ փորձը` շարունակում է հաճախորդների համար հանդես գալ անհատական և ոչ ստանդարտ առաջարկներով:

Share