Բաժին. Ֆինանսական

Յունիբանկ. սկսվել է IFC-ի և BSTDB-ի ծրագրով բիզնես վարկավորումը

Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) հետ համագործակցության շրջանակներում  Յունիբանկը սկսել է իրականացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծրագիրը: Ելնելով հաճախորդների պահանջմունքներից և շուկայի առանձնահատկություններից, բանկը մշակել է «Շահավետ» և «Շահավետ+» երկու նոր վարկատեսակ, որոնց շրջանակներում ՓՄՁ-ներին կտրամադրի առավել մատչելի պայմաններով վարկեր, մասնավորապես` ցածր տարեկան տոկոսադրույքով` սկսած 9.9% -ից:  Վարկի գումարը կազմում է մինչև 1 000 000 ԱՄՆ դոլար, մարման ժամկետը` մինչև 60 ամիս:

Փոքր և միջին բիզնեսին աջակցությունը Յունիբանկի գործունեության առանցքային ուղղություններից  մեկն է: 2014թ.-ի մարտի 31-ի դրությամբ Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցել է 109 մլրդ դրամը, որից 52%-ը բաժին է ընկել փոքր և միջին բիզնեսին: Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունն էլ ավելի կնպաստի ՓՄՁ-ների համար վարկային միջոցների հասանելիության մեծացմանը, դրանց գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Յունիբանկի, IFC-ի և BSTDB-ի միջև համագործակցության պայմանագիրը ստորագրվել է 2013թ.-ի դեկտեմբերին: Համագործակցության պայմանագրի շրջանակներում, IFC-ն և BSTDB-ն Յունիբանկին հատկացրեցին 10 մլն ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է փոքր և միջին ձեռնարկատիրության վարկավորմանը: IFC-ն առևտրի ֆինանսավորման նպատակով բանկին  հատկացրել է նաև 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, ինչպես նաև մատուցում է խորհրդատվական ծառայություններ ՓՄՁ-ների վարկավորման և ռիսկերի կառավարման գործընթացի բարելավման ուղղությամբ:
«Փոքր և միջին բիզնեսը մեզ համար հանդիսանում է զարգացման հեռանկարային ուղղություն: Յունիբանկը ՓՄՁ-ներին ամսական միջին հաշվարկով տրամադրում է 150 վարկ 3.8 մլրդ գումարի չափով: Միջազգային կառույցների միջոցներն ուղղվելու են բիզնեսի զարգացմանը, ինչն իր հերթին հնարավորություն կտա բանկին նպաստելու ձեռնարկությունների աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը: Մեր նոր վարկատեսակները ուղղված են  բիզնեսի` առավել մատչելի պայմաններով ֆինանսական միջոցների նկատմամբ պահանջարկի բավարարմանը և վարկավորման գործընթացի առավել հարմարավետ կազմակերպմանը: Վստահ եմ, որ մեր նոր առաջարկը հնարավորություն կտա առավել արդյունավետ աշխատելու այդ ուղղությամբ», – նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:

Share