Բաժին. Ֆինանսական

Էկոնոմիկայի Նախարարություն. Ծաղկաձորում տեղի կունենա ԱՊՀ սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նիստը

Մայիսի 20-21-ը Ծաղկաձորում, Ռոսիա հյուրանոցում տեղի կունենա ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 6-րդ նիստը:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի պաշտոնյաներ, Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձինք, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Մայիսի 20-ին, նիստի պաշտոնական բացմանը, ողջույնի խոսքով հանդես կգան` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոն:

Նիստի շրջանակում տեղի կունենա մամուլի ասուլիս` ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանի, ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի նախագահ Գենադի Օնիշչենկոյի և ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության ոլորտում վերահսկողության Դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի մասնակցությամբ:

Խորհրդի 6-րդ նիստում նախատեսվում է քննարկել նախորդ նիստի որոշումների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ԱՊՀ անդամ պետություններում սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում իրականացվող աշխատանքների, «Կոդեքս Ալիմենտարիուս» Հանձնաժողովի հետ Խորհրդի հետագա համագործակցության, Խորհրդի 2013 թ.-ին կատարած աշխատանքների արդյունքների ու 2014-2015թթ. աշխատանքային ծրագրի, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում ՀՀ պետական քաղաքականության գերակա ուղղությունների վերաբերյալ հարցեր, ինչպես նաև հստակեցնել հետագա համագործակցության հնարավորությունները: Արդյունքում կստորագրվի նիստի արձանագրություն և ըստ ոլորտների կսահմանվեն հետագա համագործակցության ուղղությունները:

ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհուրդը ստեղծվել է «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմնի ստեղծման մասին» ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի 2011 թվականի մայիսի 19-ի որոշմամբ՝ «Սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին» 2000 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով` ԱՊՀ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համագործակցության կոորդինացման համար:

Share