Բաժին. Ֆինանսական

Ներկայացվել է Հայոց Ցեղասպանության 100 ամյակի խորհրդանշանը` Անմոռուկ ծաղիկը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի մասնակիցներին ներկայացվել է պետական հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբի մշակած Ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանը՝ Անմոռուկ ծաղիկը: Տարբեր լեզուներով ծաղկի անվանման ստուգաբանությունն արտահայտում է միևնույն իմաստը՝ «ՀԻՇԻՐ»: Դա էլ հենց 100-րդ տարելիցի հիմնական հաղորդագրությունն է: Աշխատանքային խումբը խորհրդանշանի այդպիսի ընտրությունը պայմանավորել է նրանով, որ ծաղկի գունային գամման ասոցացվում է նշվող տարեթվի հայեցակարգի հիմքում ընկած հիմնական մոտիվների հետ, և, ի վերջո, Անմոռուկը միջնադարում համարվել է Աստծո ներկայության խորհրդանշանը: Հնգաթերթ Անմոռուկ ծաղկի պսակաթերթիկները խորհրդանշում են այն հինգ մայրցամաքները, որտեղ հանգրվան են գտել Ցեղասպանությունից մազապուրծ հայորդիները՝ զրկվելով Հայրենիքում ապրելու հնարավորությունից: Ծաղիկն ունի չորս հիմնական գունային բաղադրիչ՝ մանուշակագույն, բաց մանուշակագույն, դեղին և սև: Դրանցից յուրաքանչյուրն իր մեջ կրում է որոշակի իմաստ. սև գույնը խորհրդանշում է Եղեռնի սարսափներն ու Ցեղասպանության մասին հիշողությունը: Ներսի ճառագայթաձև բաց մանուշակագույնը բոլորին հոգեհարազատ գաղափարին համամասնականից լինելն է: Որպես խորհրդանշանի գերակշռող գույն՝ առաջարկվել է մանուշակագույնը: Այն լայնորեն տարածված է հայկական ինքնագիտակցության հիմք հանդիսացող Հայոց եկեղեցու սպասավորների հանդերձանքի տարրերում: Դեղին գույնով պատկերված է ապրելու և արարելու հույս պարգևող արևի լույսը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը խորհրդանշող, շրջանաձև դասավորված 12 մույթերի տեսքով:

Share