Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ արտաքին աշխարհի նկատմամբ հայաստանյան առևտրային բանկերի ու վարկային կազմակերպությունների վարկային պարտավորությունները կազմել են 1154.4 մլն դոլար` նախորդ եռամսյակի վերջին գրանցված 1209.6 մլն դոլար ցուցանիշի դիմաց:
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին երեք ամսում առևտրային բանկերն ու վարկային կազմակերպությունները արտաքին աշխարհից ներգրավել են 425.5 մլն դոլար վարկային միջոցներ և նախկինում ձեռք բերված վարկերի դիմաց կատարել են 475.6 մլն դոլար հիմնական գումարի մարումներ:
Եռամսյակի ընթացքում վարկային մուտքերի 5.6%-ը երկարաժամկետ վարկերի գծով է, ընդ որում՝ երկարաժամկետ վարկային մուտքերի 29.3%-ը ստացվել է Լատվիայից, 11.5%-ը՝ Լյուքսեմբուրգից, իսկ 44.4 %-ը՝ միջազգային կազմակերպություններից:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջին առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հիմնական վարկատու երկրներն են եղել Ռուսաստանը, որի տեսակարար կշիռը ամբողջի մեջ կազմել է 16.5% (նախորդ եռամսյակում` 18.0%), Լյուքսեմբուրգը` 12.5% (նախորդ եռամսյակում` 12.8%) և Նիդերլանդները` 7.6% (նախորդ եռամսյակում` 7.8%): Վարկերի մոտ 37.5%-ը տրվել է միջազգային կազմակերպությունների կողմից:
2014 թվականի առաջին եռամսյակի վերջին ներգրավված վարկերի միջին կշռված տոկոսադրույքը նախորդ եռամսյակի վերջի համեմատ մի փոքր աճել է և կազմել 5.9%:
Արտաքին վարկերի մոտ 48.4 %-ը լողացող (LIBOR, EURIBOR և այլն) տոկոսադրույքով է:
Վարկերի միջին ժամկետայնությունը 4.3 տարի է:
Կարճաժամկետ վարկերի տեսակարար կշիռն աճել է և կազմել ներգրավված վարկերի 10.8%-ը: