Բաժին. Ֆինանսական

Ապահովագրական ընկերությունների եռամսյակային զուտ շահույթը կազմել է 1,3 մլրդ դրամ

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանի տարածքում ապահովագրական գործունեության լիցենզիա է ունեցել 9 ապահովագրական ընկերություն:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում ապահովագրական ընկերությունների ակտիվները նվազել են 5.0%-ով` մարտ ամսվա վերջի դրությամբ կազմելով 47.5 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները նվազել են 10.6%-ով` կազմելով 30.4 մլրդ դրամ: Ընդհանուր կապիտալն աճել է 6.8%-ով` կազմելով 17.1 մլրդ դրամ:

Ապահովագրական ընկերությունների ակտիվների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել ավանդները բանկերում (30.9%), պետական արժեթղթերը (18.2%) և ուղղակի ապահովագրության գծով ստացվելիք գումարները (13.0%):

Ապահովագրական ընկերությունների պարտավորությունների կազմում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ունեցել չվաստակած ապահովագրավճարների պահուստը (45.5%) և պահանջների պահուստը (12.0%):

Ապահովագրական ընկերությունների` վերահսկողական հաշվետվությունների հիման վրա ստացված զուտ շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1.3 մլրդ դրամ:

Հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը 10.3 մլրդ դրամ է, իսկ վերաապահովագրողին փոխանցվող ապահովագրավճարներինը՝ 651.3 մլն դրամ կամ ապահովագրավճարների 6.3%-ը:

Ապահովագրական հատուցումների մեծությունը 5.6 մլրդ դրամ է, իսկ վերաապահովագրողներից ստացվող ապահովագրական հատուցումների գումարները` 1.3 մլրդ դրամ կամ ապահովագրական հատուցումների 22.7%-ը:

31.03.2014 թ. դրությամբ ապահովագրական ընկերություններն ունեցել են ապահովագրության 640.0 հազար գործող պայմանագիր, որոնց ապահովագրական գումարների մեծությունը 9.7 տրլն դրամ է: Ապահովագրական գումարներից վերաապահովագրողներին փոխանցված ռիսկերի վերաապահովագրական գումարների մեծությունը 2.6 տրլն դրամ է կամ ապահովագրական գումարների 27.3%-ը:

Share