Բաժին. Ֆինանսական

Հարկային դրախտների դեմ պայքարն աշխարհին 37 մլրդ եվրո է բերել

Աշխարհի մի շարք երկրների կառավարություններ վերջին 5 տարվա ընթացքում օֆշորային գոտիներից 37 մլրդ եվրո են հետ բերել՝ որպես նախկինում չվճարված ընդհնուր եկամտահարկ: Այս մասին գրում է The Financial Times պարբերականը՝ հղվելով Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փաստաթղթերին: Ֆինանսական այս միջոցները ձեռք են բերվել հարկերից խուսափելու դեմ պայքարի արդյունքում: Կազմակերպության տվյալների համաձայն՝ մինչ պայքարի սկիզբը հսկայական ծավալով գումարներ գտնվում էին հարկային «դրախտներում»: Այժմ մեկ միլիոնից ավել հարկատու խոստովանել է օֆշորներում գաղտնի հաշիվների առկայության մասին:

ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Գերմանիան և մի շարք այլ երկրներ հարկերից խուսափելու դեմ պայքարն սկսեցին ֆինանսական ճգնաժամից հետո, երբ բյուջեի համալրման համար լրացուցիչ աղբյուրների անհրաժեշտություն առաջացավ: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը հայտնել է նաև, որ 2017 թվականից ուժի մեջ է մտնելու օրենք, համաձայն որի համապատասխան կառավարությունների միջև կիրականացվի ցանկացած կասկածելի ներդրման վերաբերյալ տեղեկատվության ավտոմատ փոխանակում: Այս օրենքը գործելու է 65 երկրներում՝ ներառյալ այնպիսի ֆինանսական կենտրոններ, ինչպիսիք են Շվեյցարիան և Սինգապուրը:

Share