Բաժին. Ֆինանսական

Lloyds-ը համաձայնել է վճարել 370 մլն դոլարի տուգանք

Բրիտանական Lloyds Banking Group բանկային խումբը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի իշխանություններին կվճարի շուրջ 370 մլն ԱՄՆ դոլարի տուգանք՝ LIBOR միջբանկային վարկավորման տոկոսադրույքների հետ կապված խախտումների համար: Այս մասին գրում է Reuters-ը:

ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը, ֆյուչերսային առևտրի ամերիկյան հանձնժողովը և ֆինանսական վարքագծի բրիտանական ծառայությունը պարզել են, որ Lloyds Banking Group-ը սեփական ֆինանսական շահերի նպատակով «ոչ ազնիվ եղանակներով» ազդել է LIBOR տոկոսադրույքների վրա:

Նշենք, որ Lloyds Banking Group-ը արդեն 7-րդ խոշորագույն բանկն է, որը համաձայնության է եկել ամերիկյան և բրիտանական իշխանությունների հետ LIBOR տոկոսադրույքների հետ կապված խախտումների հարցում:

Ավելի վաղ Barclays բանկը համաձայնել էր վճարել 453 մլն ԱՄՆ դոլար, իսկ Royal Bank of Scotland-ը՝ 612 մլն ԱՄՆ դոլար:
2013 թվականին ամռանը հայտնի էր դարձել, որ LIBOR տոկոսադրույքների «կառավարումը» կանցնի NYSE EuroNext ընկերությանը, որին պատկանում է Նյու Յորքի ֆոնդային բորսան (NYSE):

Share