Բաժին. Ֆինանսական

Համատեղությամբ աշխատող դասախոսների կուտակային կենսաթոշակների համակարգի հետ կապված խնդիրը կուսումնասիրի ֆինանսների նախարարությունը

Այսօր կայացած կառավարության նիստի սկզբում վարչապետն անդրադարձել է հանրությանը հուզող մեկ հարցի. «Վերջին օրերին ինձ են դիմել բուհերի երիտասարդ դասախոսներ, ովքեր համատեղում են ոչ պետական կազմակերպություններում իրենց աշխատանքը պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակ ունեցող բուհերում դասախոսական աշխատանքի հետ, մտահոգություն հայտնելով նպատակային սոցիալական վճարի երկու աշխատավայրից կատարման պարտավորությունների առնչությամբ: Չնայած պետական կենսաթոշակների մասին օրենքով ուղղակիորեն սահմանված չէ, սակայն սոցիալական վճար կատարելու պարտականությունը փոխկապակցված է անձին, այսինքն՝ կոնկրետ անձը հարկային տեղեկատվական համակարգում ունի մեկ կարգավիճակ, կամ համակարգի մասնակից է, կամ մասնակից չէ: Հաշվի առնելով պատասխանատուների մտահոգությունները՝ հանձնարարել եմ Ֆինանսների նախարարին՝ ուսումնասիրել և առաջարկություններ ներկայացնել համապատասխան իրավական ակտ ընդունելու և հարկային մարմնի տեղեկատվական համակարգում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ՝ հնարավորություն տալով սոցիալական վճար կատարելու պարտականություններից հրաժարվելու դիմում ներկայացնելու նաև այն անձի կողմից, ով համատեղությամբ աշխատում է բարձրագույն ուսումնական հաստատությունում և հիմնական գործատուն չի հանդիսանում պետական կազմակերպությունը»:

Share