Բաժին. Ֆինանսական

ՎիվաՍել-ՄՏՍ. ներկայացրվել են գործարար էթիկայի և պատասխանատու բիզնեսի նրբությունները

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր «Հայաստանի պատանեկան նվաճումների» ամառային ճամբարի «Բիզնես-առաջադրանք» մրցույթի հաղթողներին և ծրագրի մանկավարժներին: Տարբեր մարզեր ներկայացնող ուսուցիչները ծանոթացել են մարդկային ռեսուրսները կառավարելու`Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի փորձին: Իսկ պատանիներն առավելապես հետաքրքրվել են ընկերության մարքեթինգային ռազմավարությամբ:

«Ժամանակակից աշխարհը ռազմավարական լուրջ գործիքներ է առաջարկում մարդկությանը: Դրանց կիրառման և արդյունավետ կառավարման համար, սակայն, հարկավոր է տիրապետել որոշ հմտությունների և գիտելիքների: Տեսականորեն այդ ամենը հեշտ է: Գործնականում, սակայն, կարևոր մարտահրավեր է դառնում ոչ միայն շուկան` իր պահանջներով ու ներկայացրած խնդիրներով, այլև՝ մարդկային ռեսուրսների կառավարումը: ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջնորդվում է կառավարման քաղաքակիրթ, ճկուն և պատասխանատու մոտեցմամբ: Առաջարկում եմ մեր մասնագետների հետ ինտերակտիվ շփման միջոցով բացահայտել գործարար էթիկայի և պատասխանատու բիզնեսի նրբությունները»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասընթացի արդյունքում պատանիներն արձանագրել են, որ շուկայի ուսումնասիրությունը, տեխնոլոգիապես արդարացված ռազմավարություն մշակելը, լուծումներ առաջարկելն ու դրանք կյանքի կոչելը բավարար չեն պատասխանատու բիզնես լինելու համար: Նրանք բացահայտել են, թե ինչու՞ է հավասարապես կարևորվում կոմերցիոն և սոցիալական արտադրանքը, թե ծրագիր մշակելիս ինչպե՞ս պետք է զարգացնել միտքը, գնահատել շուկայի և մրցակցության հնարավոր ազդեցությունը, դրսևորել ազնիվ մրցակցություն և այլն: Պատանիների համար հետաքրքիր բացահայտում է եղել առաջարկվող ծառայության հիմքում սպառողի գոհունակությունը կարևորելն ու սխալների հավանականությունը նվազագույնի հասցնելու մոտեցումը: 

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության հետ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությունը կառավարման գործընթացում արդյունավետ լուծում է երիտասարդության համար: Տեսական գիտելիքները գործնական տիրույթում դրսևորելու հնարավորությունը պատանիներին թույլ է տալիս զգալ որևէ ծրագրի իրականացման անհրաժեշտ փուլերը, հնարավոր խոչընդոտներն ու դրանք հաղթահարելու ուղիները:

Share