Բաժին. Ֆինանսական

ՀԲ-ն նվազեցնում է ՌԴ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները

Համաշխարհային բանկը օրերս հրապարակած զեկույցում նվազեցրել է 2015-2016թթ. Ռուսաստանի տնտեսական աճի վերաբերյալ իր կանխատեսումները` պայմանավորված կառուցվածքային բարեփոխումների բացակայությամբ և ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ նկատմամբ Արևմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցներով: Բանկի` ստագնացիա ենթադրող հիմնական սցենարի կանխատեսումներով` Ռուսաստանի տնտեսական աճը ընթացիկ տարում կկազմի 0,5%, 2015-ին` 0,3%, իսկ 2016-ին` մինչև 0,4%: Նկատենք, որ այս ցուցանիշները ցածր են ռուսական կառավարության կանխատեսումներից:

ՀԲ հիմնական սցենարն ուղեկցվում է երկու այլընտրանքային սցենարներով` լավատեսական և վատատեսական: Առաջինը ենթադրում է մինչև այս տարեվերջ աշխարհաքաղաքական լարվածության կարգավորում և պատժամիջոցների վերացում, ՌԴ տնտեսական աճի որոշակի վերականգնում 2015-ին` մինչև 0,9%, իսկ 2016-ին` մինչև 1,3%:

Վատատեսական սցենարի պարագայում կանխատեսվում է երկարատև ետընթաց, սղաճի մակարդակի բարձրացում, ներդրումային միջավայրի վատթարացում, տնտեսական աճի տեմպերի դանդաղում (2015-ին` մինչև 0.9%, իսկ 2016-ին` 0,4%):

«Տնտեսությունը ետընթացի շեմին է և այդտեղ կմնա ևս որոշ ժամանակ»,-հայտարարել է Ռուսաստանի հարցերով ՀԲ առաջատար տնտեսագետ, Զեկույցի հիմնական հեղինակ Բիրգիթ Հանսլը:

Ընթացիկ տարեսկզբին Ռուսաստանի տնտեսական աճը դանդաղել է մինչև զրոյական մակարդակ` պայմանավորված սպառողական ակտիվության և ներդրումների ծավալի նվազեցմամբ, ինչպես նաև արևմտյան պատժամիջոցների մի քանի փուլերի կիրառմամբ` ի պատասխան Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության: ՌԴ կառավարությունը թեև նույնպես նվազեցրել է իր գնահատականները, այդուհանդերձ, 2015-ի համար կանխատեսում է 1,2% աճ և 2,3% էլ` 2016-ի համար:

Նկատենք, որ ընթացիկ ամսում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԵԶԲ) Ռուսաստանի և Ուկրաինայի տնտեսական հեռանկարների վերաբերյալ տվել է վատատեսական գնահատականներ:

ՀԲ ռուսաստանյան գրասենյակի տնօրեն Միխալ Ռուտկովսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ իր կանխատեսումներն առավել հոռետեսական են, քան ռուսական կառավարության գնահատականները, քանի որ առաջիկա տարիներին սպասվում է ներդրումների ծավալի աննշան ավելացում և սպառողական ակտիվության զգալի նվազում:

ՀԲ հիմնական սցենարով` եթե անգամ ռուսական կառավարությունը, անկախ պատժամիջոցներից, կարողանա պահպանել մակրոտնտեսական կայունությունը, միևնույն է` աճը կլինի նվազագույնը:

Համաշխարհային բանկն իր Զեկույցում կրկնել է այն առաջարկությունները, որոնք կնպաստեն Ռուսաստանի տնտեսական աճին`

ա) պահպանել մակրոտնտեսական կայունություն,

բ) քաղաքական միջավայրը դարձնել կանխատեսելի,

գ) գործարար միջավայրում ապահովել դրական շարժ և բարձրացնել սպառողների վստահության ինդեքսը:

Բանկի կանխատեսումներով` կշարունակվի ազգային արժույթի` ռուբլու նկատմամբ ճնշումը, ինչի փոխարժեքն արդեն վերջին 12 ամսում հասցրել է նվազել16%-ով:

Share