Բաժին. Ֆինանսական

Մեկնարկեց 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մեկնարկեց 10-րդ հոբելյանական ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը կտևի 3 օր` հոկտեմբերի 3-5, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» կենտրոնում: Պաշտոնական բացմանը ներկա էին ՀՀ նախագահը, Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների տնօրեններ, միջազգային ու պետական կառույցների ղեկավարներ:
 
Ցուցահանդեսի հիմնական նպատակը տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ձեռքբերումները ներկայացնելն է, ինչպես նաև՝ տեխնոլոգիական ընկերությունների, բիզնես համայնքի և հասարակության միջև բարենպաստ միջավայր ու հաղորդակցության հարթակ ստեղծելը: ԴիջիԹեքը դարձել է տեխնոլոգիական հայության տոնը, տեխնոլոգիական հայության շփումների և համագործակցության լավագույն հարթակը, բացի այդ, ԴիջիԹեքն այն գործիքներից է, որն ուղղված է Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելուն:

Ցուցահանդեսին մասնակցում են շուրջ 130 ընկերություններ, որոնց թվում են՝ Վի Էմ Ուէյր, Նեյշնլ Ինսթրումենթս, Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, Օրանժ, Պիքսարտ, Սինոփսիս, Ինսթիգեյթ, Թումո, Ռեդինետ, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ և այլն: Նախատեսվում է, որ այս ԴիջիԹեքը կունենա ավելի քան 30.000 այցելու՝ նախորդ տարվա 25.000-ի փոխարեն:

Հոբելյանական ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում կանցկացվեն մի շարք միջոցառումներ, որոնցից են.

• «Ռոբոտներն առօրյայում» փառատոնը, որի մասնակիցները ինժեներական խմբակների սաներն են: Այս տարի փառատոնի շրջանակներում անցկացվելու է նաև էկոռոբոտների մրցույթ, որի նպատակը բնապահպանական քարոզչությունը և թափոնների վերամշակման կամ այլ նպատակներով օգտագործման վրա հասարակության ուշադրությունը հրավիրելն է:

• Համակարգչային և բջջայինխաղերի հեքեթոն, որի ընթացքում խաղեր նախագծող թիմերը հատուկ ընտրված թեմայով խաղ են ստեղծելու: Բոլորը, ովքեր ունեն ծրագրավորման գիտելիքներ, նկարելու ունակություն, անիմատոր են, կարող են միանալ հեքեթոնին:

• Աշխատանքի տոնավաճառ` ցուցահանդեսի 3-րդ հարկում գործելու է աշխատանքի տոնավաճառ, որտեղ ՏՀՏ և բիզնես ոլորտի ընկերությունները ներկայացնելու են թափուր աշխատատեղերը տեխնոլոգիական ոլորտի մասնագետների համար:

• ԴիջիԼայֆ սեմինարներ, որի շրջանակներում այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալո ւամենավերջին տեխնոլոգիական լուծումներին, հանդիպելու Հայաստանի ՏՏ լիդերներին և ունկնդրելու նրանց՝ տեխնոլոգիական ապագայի վերաբերյալ տեսլականին:

Ցուցահանդեսի բաժիններն են` Համապարփակ ինժեներական լուծումներ, Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ, ՏՏ սարքավորումներ և համակարգեր, Ծրագրային և վեբլուծումներ, Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ, Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա, Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար, Տեխնոլոգիական կրթություն:

ԴիջիԹեքի մուտքն ազատ է: Աշխատանքային ժամերն են 10:00-18:00: Միջոցառման մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք՝ www.digitec.am:

Ցուցահանդեսն անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո, կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, գլխավոր հովանավորը` «Յուքոմ» ընկերությունը:

Share