Բաժին. Ֆինանսական

Վրաստանի համախառն արտաքին պարտքը կազմում է 13,2 մլրդ դոլար

Վրաստանի համախառն արտաքին պարտքը 2014-ի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 13 154,0 մլն դոլար, ինչը 55,1 միլիոնով ավելի է նախորդ ամսվա (մարտի 31-ի) ցուցանիշից և 147,3 մլն դոլարով ավելի, քան 2013-ի հունիսի 30-ի ցուցանիշը: Վրաստանի կենտրոնական բանկի տվյալներով` երկրի համախառն արտաքին պարտքը կազմում է ազգային ՀՆԱ-ի 80,4%-ը:

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում պարտքն աճել է 15,9 մլն դոլար ծավալի օպերացիոն փոփոխությունների հաշվին, իսկ մյուս փոփոխությունների հաշվին` նվազել 1,1 մլն դոլարով: Գնային փոփոխությունների արդյունքում` պարտքի ծավալն աճել է 60,4 մլն դոլարով, իսկ փոխարժեքային փոփոխությունների հաշվին` նվազել 20,1 մլն դոլարով:

Վրաստանի համախառն արտաքին պարտքի ընդհանուր ծավալից 4 150,1 մլն դոլարը բաժին է ընկնում կառավարությանը (ՀՆԱ-ի 25,4%-ը), իսկ 288,3 մլն դոլարը` Կենտրոնական բանկին (ՀՆԱ-ի 1,8%-ը): Երկրի բանկային հատվածի պարտքը կազմում է 2 610,6 մլն դոլար, իսկ տնտեսության մյուս հատվածներինը գնահատվում է 3 394,6 մլն դոլար: 2 710,4 մլն դոլար էլ կազմում է ընկերությունների միջև եղած պարտքի ծավալը:

Share