Բաժին. Ֆինանսական

Moody’s. Ռուսաստանյան ընկերություններին սպառնում է վարկային ճգնաժամ

Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության վերլուծաբանների կարծիքով` ռուսաստանյան ընկերություններն առաջիկայում կբախվեն վարկային ճգնաժամի, եթե երկրի նկատմամբ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները չթուլանան և չվերականգնվի ՌԴ-ի մուտքը կապիտալի համաշխարհային շուկա: 

ՌԴ պարտատոմսերի թողարկումը դադարեցվել էր հուլիս ամսին, այն բանից հետո, երբ ԵՄ-ը և ԱՄՆ-ը խստացրել էին Ռուսաստանի նկատմամբ սահմանափակող միջոցները, նկատում են Moody’s-ի փորձագետները: Սա նշանակում է, որ  առանց` համաշխարհային շուկա մուտք գործելու հնարավորության, ռուսական ընկերությունները չեն կարող վերաֆինանսավորել պարտքերը: 

Կազմակերպության կանխատեսումներով` վարկային ճգնաժամը, որն ամենայն հավանականությամբ կսկսվի 2016-ին, մեծապես կհարվածի հատկապես լեռնամետալուրգիական և շինարարության ոլորտներին, ինչպես նաև անշարժ գույքի շուկային: Ռուսական ընկերությունների ճնշող մեծամասնությունն ունի իրացվելիության բավարար մակարդակ` 2015-ի ընթացքում պարտքերը մարելու համար: Սակայն պատժամիջոցների պահպանման պարագայում` այդ ընկերությունների հետագա վիճակն անհանգստացնող է: 

Վարկանիշային կազմակերպության վերլուծաբանների կարծիքով` կապիտալի համաշխարհային շուկայից զրկվելու հանգամանքը էապես կվնասի մասնավոր, ոչ մեծ ընկերություններին, ի տարբերություն «Ռոսնավթի» և «Գազպրոմի», որոնց խոստացվել է պետական աջակցություն: Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետի ենթադրությամբ` արդեն 2015-ի վերջին չսպասարկվող փոխառությունների մասնաբաժինը զգալիորեն կավելանա:

Share