Բաժին. Ֆինանսական

Քաթարի հիմնադրամը ռեկորդային գնով ձեռք կբերի HSBC-ի գլխավոր գրասենյակը

Qatar Investment Authority սուվերեն հիմնադրամը Կորեական կենսաթոշակային հիմնադրամից (NPS) մոտ 1,1 մլրդ ֆունտ ստերլինգով (1,771 մլրդ դոլար) ձեռք կբերի HSBC ֆինանսական կոնգլոմերատի գլխավոր գրասենյակը, որը համարվում է Լոնդոնի ամենամեծ և ամենաթանկ գրասենյակային հաստատությունը:

Գործարքի արժեքը գերազանցել է 2006-ին սահմանված ռեկորդը, երբ իսպանական ռիելթորական Metrovacesa ընկերությունը 1,09 մլրդ ֆունտ ստերլինգով (1,755 մլրդ դոլար) գնեց Լոնդոնի Canary Wharf գործարար կենտրոնում տեղակայված այդ հաստատությունը: Երկու տարի անց` 2008-ին, երբ Metrovacesa-ն բախվեց ֆինանսական խնդիրների, HSBC-ն ետ գնեց աշտարակը: Ավելի ուշ կոնգլոմերատը 800 մլն ֆունտ ստերլինգով (շուրջ 1,288 մլրդ դոլար) այն վաճառեց Կորեական կենսաթոշակային հիմնադրամին:

Ի դեպ, վարձակալման պայմանագրի շրջանակներում HSBC-ը արդեն 13 տարի է, ինչ օգտվում է լոնդոնյան ամենաթանկ գրասենյակից: Անցյալ տարի բանկը բացառել էր գլխավոր գրասենյակը Հոնկոնգ տեղափոխելու հնարավորությունը և, չնայած եվրոպական բանկիրներին տրամադրվող պարգևավճարների խիստ սահմանափակումներին, որոշել էր մնալ Մեծ Բրիտանիայում:

Share