Բաժին. Ֆինանսական

ԱՊՊԱ համակարգի վնասաբերության ցուցանիշը կազմում է 58%

Սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է  447 հազար 910, ինչը նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ աճել է 1589-ով:

Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի հրապարակած տվյալների համաձայն՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 826 մլն դրամ, ինչը օգոստոս ամսվա համեմատ աճել է մոտ 83 մլն դրամով:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է մոտ 58%, նախորդ ամսվա 57%-ի փոխարեն։ Հիշեցնենք, որ ԱՊՊԱ-ի (ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն) սակագների հաշվարկման հիմքում վնասաբերության մակարդակը ընդունվել է 78%:

Հարկ է նշել, որ ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը նախորդ ամսվա համեմատ աճել է` կազմելով 3 հազար 848 դիմում` նախորդ ամսվա 3 հազար 736-ի դիմաց: Հատուցման միջին չափը 2014թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել է 194 հազար 531 ՀՀ դրամ:

Share