Բաժին. Ֆինանսական

Մեր երկիրն ունի 1.7 մլրդ դոլարի միջազգային պահուստներ

2014 թվականի երրորդ եռամսյակի վերջի դրությամբ մեր երկրի միջազգային պահուստները կազմել են 1.7 մլրդ ԱՄՆ դոլար: Տարվա ընթացքում միջազգային պահուստները նվազել են առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների խոշոր մնացորդների շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք նվազման, ինչպես նաև` շուրջ 250 մլն ԱՄՆ դոլարին համարժեք արտաքին պարտքի սպասարկման հետևանքով: Այս մասին վկայում են կենտրոնական բանկի հրապաչակած տվյալները:

Նշենք, որ 2013 թվականի ընթացքում մեր երկրի միջազգային պահուստները կտրուկ աճել են: Մասնավորապես` 2013 թվականի ընթացքում ստացվել են շուրջ 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ և վարկեր, ավելին` տարվա երրորդ եռամսյակում եվրոպարտատոմսերի տեղաբաշխումից ստացվել է շուրջ 690 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում` պահուստները երրորդ եռամսյակի վերջում կազմեցին շուրջ 2.4 մլրդ ԱՄՆ դոլար:

2013 թվականի չորրորդ եռամսյակում իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՌԴ պարտքի մարում, որի նվազեցնող ազդեցությունը պահուստների վրա մասամբ չեզոքացվել է դեկտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների աննախադեպ աճով` պայմանավորված միջազգային շուկայում ձևավորված ցածր եկամտաբերության և իշխող բարձր անորոշության պայմաններում օտարերկրյա բանկերից այդ միջոցների արտահոսքով: Այս միջոցները, միջազգային պահուստների հաշվառման կանոնների համաձայն, միջազգային պահուստների մաս են կազմում: 2013 թվականին այս միջոցներն աճել են շուրջ 350 մլն ԱՄՆ դոլարով:

Միևնույն ժամանակ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից միջբանկային շուկայում իրականացվել է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլարի առք: Արդյունքում` 2013 թվականի վերջում ՀՀ միջազգային պահուստները կազմել են շուրջ 2.25 մլրդ ԱՄՆ դոլար:

Share